Պետրոսյան. ՀԷՑ-ը մոտ 50 մլն դոլարի վարկ է մարել

Պետրոսյան. ՀԷՑ-ը մոտ 50 մլն դոլարի վարկ է մարել

PanARMENIAN.Net - Ժամանակավոր կառավարման առաջին 6-8 ամիսներին ՀԷՑ-ը մոտ 50 մլն դոլարի վարկ է մարել, հայտարարել է կառույցի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր իր էջում:

«Ուղիղ և պատասխանատու հայտարարում եմ. ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարման առաջին 6-8 ամիսներին մեզ հաջողվել է ՀԷՑ-ի ունեցած՝ գրեթե 400 մլն ԱՄՆ դոլարի չափով ֆինանսական պարտավորություններից վաղաժամկետ ու պլանային մարել մոտ 50 մլն ԱՄՆ դոլարին համարժեք վարկեր, քանի որ սեփականատերերին և նրանց ուղղակի կամ անուղղակի փոխկապակցված շրջանակներին չի հաջողվել այլևս ֆինանսական մի շարք առերևույթ մեքենայությունների, ուռճացված գներով ապրանքների ու ծառայությունների ձեռքբերումների, բացառապես իրենց ու իրենց մերձավորներին պատկանող այլ ընկերությունների միջոցով տարիներ շարունակ իրականացվող «մենաշնորհային» մատակարարումների միջոցով «դուրս բերել» այդ $ 50 մլն-ն ՀԷՑ-ից և «յուրացնել»...

ՀԷՑ-ի՝ օրվա սեփականատիրոջ կողմից նախօրեին ՀԷՑ-ի վերաբերյալ հնչեցված մի շարք մերկապարանոց, մտացածին ու անհիմն գնահատականներին կանդրադառնամ ավելի ուշ՝ կոնկրետ թվերով ու փաստերով»,-գրել է նա:

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը, պատասխանելով ՀԷՑ-ում ստեղծված իրավիճակի մասին հարցին, ասել էր․ «50 միլիոնի ֆինանսական պարտավորություն կատարում են, որովհետև ուրիշ ոչ մի բանի հնարավորություն չունեն։ Այսինքն, իրենք փոխարեն արդիականացնեն, նոր միացումներ կատարեն, ընդամենը 100 հատ նոր միացում են կատարել՝ 3000-3500-ի փոխարեն։ Դրա համար էլ առաջացել է այդ գումարը։ Մեծ խելք պետք չէր՝ բանկերի պարտավորությունը կատարելու համար, խելքը նրա համար էր, որ իրագործեն, արդիականացնեն, նոր միացումներ կատարեն։ Դրա համար իրենք այնտեղ ամբողջությամբ ձախողվել են»:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---