Պետրոսյան․ ՀԷՑ-ում 7-8 մլրդ դրամի ապրանք կար, բայց ՀԷՑ-ի կարիքների համար պիտանի չէր

Պետրոսյան․ ՀԷՑ-ում 7-8 մլրդ դրամի ապրանք կար, բայց ՀԷՑ-ի կարիքների համար պիտանի չէր

PanARMENIAN.Net - ՀԷՑ-ում 7-8 մլրդ դրամի ապրանք կար, որ գնել էին, բայց ՀԷՑ-ի կարիքների համար պիտանի չէր, հայտարարել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը:

Պետրոսյանի խոսքով՝ առաջիկա երկու-երեք ամիսներին սպասվում է 12 միլիարդ դրամի մատակարարում, ինչի արդյունքում պահեստներում ապրանքանյութական արժեքների ընդհանուր ծավալը կգերազանցի 40 միլիարդ դրամը, հայտնում է Factor.am-ը:

Խոսելով նախկին գնումների մասին՝ ժամանակավոր կառավարիչը նշել է, որ անցյալ տարվա նույն ժամանակահատվածում պահեստներում առկա մոտ 27 միլիարդ դրամի ապրանքանյութական մնացորդներից 7-8 միլիարդ դրամի չափով եղել են, իր ձևակերպմամբ, «զալեժ» ապրանքներ։

«Դրանք տարիներ առաջ ձեռք էին բերվել ուռճացված գներով։ Ունենք ապացույցներ, փաստեր, որոնց հիման վրա ներկայացվել են հաղորդումներ և նախաձեռնվել են քրեական վարույթներ»,- ասել է նա։

Լրագրողի հարցին՝ արդյոք խոսքը ՀԷՑ-ի կարիքների համար ոչ պիտանի ապրանքների ձեռքբերման մասին է, Պետրոսյանը պատասխանել է, որ դեպքերը տարբեր են։

«Կան ապրանքներ, որոնք ընդհանրապես պետք չեն եղել։ Օրինակ՝ նախկին սերնդի սարքավորումներ, որոնք այլևս չեն օգտագործվում, ինչպես նաև տրանսֆորմատորներ, որոնց ձեռքբերման գինը շուկայականից երեք-չորս անգամ բարձր է եղել։ Դրանք նույնիսկ չէին շահագործվել և մնացել էին մատակարար ընկերության՝ «Տաշիր» խմբի մեջ մտնող ընկերության պահեստներում։ Բացի այդ, պատշաճ հաշվառում նույնպես չէր իրականացվել»,- նշել է նա։

Պետրոսյանի խոսքով՝ վերահսկողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են նաև մի քանի հարյուր միլիոն դրամ արժողությամբ մետաղի ջարդոն, ինչպես նաև հարյուրավոր մեքենաներ և մեխանիզմներ, որոնք կամ սպառել են իրենց ծառայության ժամկետը, կամ այլևս պիտանի չեն եղել շահագործման համար։ Նրա խոսքով՝ այդ ամբողջ գույքը հաշվառելուց հետո այն կամ վերադարձվել է մատակարարներին, կամ օտարվել է շուկայական արժեքով, կամ դուրս է գրվել և օգտագործվել է ընկերության այլ կարիքների համար, որպեսզի չմնա հաշվեկշռում որպես օգտագործման ենթակա ակտիվ։

Պետրոսյանը հայտարարել է, որ ընկերությունում շարունակվում են լայնածավալ ներդրումային աշխատանքները՝ նշելով, որ 2026 թվականի համար Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաստատմանն է ներկայացվել մոտ 46.7 միլիարդ դրամի ներդրումային ծրագիր։

Նրա խոսքով՝ ծրագրով նախատեսվում է վերակառուցել մոտ 500 կմ օդային և գրեթե 100 կմ մալուխային գծեր, կառուցել 27 նոր բաշխման ենթակայան, մի շարք բարձր լարման ենթակայաններ և իրականացնել ցանցի լայնածավալ արդիականացում՝ էլեկտրատեխնիկական սարքավորումներով վերազինմամբ։

«Այս պահին արդեն իրականացվել է ավելի քան 18 միլիարդ դրամի ներդրումային ծրագրի աշխատանք։ Վերակառուցվել են օդային և մալուխային գծեր, իսկ ՀԷՑ-ի կենտրոնական և մասնաճյուղերի պահեստներում առկա ապրանքանյութական մնացորդների ընդհանուր արժեքը կազմում է մոտ 27 միլիարդ դրամ։ Դրանցից մոտ 15 միլիարդ դրամի սարքավորումներ արդեն ձեռք են բերվել, որոնց մի մասը մատակարարվել է, իսկ մյուս մասը դեռ ճանապարհին է կամ գտնվում է մաքսազերծման փուլում»,- ասել է Պետրոսյանը։

Նա նշել է, որ ժամանակավոր կառավարչի նշանակվելուց հետո բոլոր գնումներն իրականացվում են գնումների մասին օրենսդրությանը համապատասխան՝ բաց և մրցակցային ընթացակարգերով։

«Արդյունքում մինչև 40-50 տոկոսի հասնող խնայողություններ ունենք այն բյուջեների համեմատ, որոնք նախապես նախատեսված էին գնումների պլանով»,- ընդգծել է նա։

Պետրոսյանն ավելի վաղ հայտարարել էր, որ ժամանակավոր կառավարման առաջին 6-8 ամիսներին ՀԷՑ-ը մոտ 50 մլն դոլարի վարկ է մարել:

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը, պատասխանելով ՀԷՑ-ում ստեղծված իրավիճակի մասին հարցին, ասել էր․ «50 միլիոնի ֆինանսական պարտավորություն կատարում են, որովհետև ուրիշ ոչ մի բանի հնարավորություն չունեն։ Այսինքն, իրենք փոխարեն արդիականացնեն, նոր միացումներ կատարեն, ընդամենը 100 հատ նոր միացում են կատարել՝ 3000-3500-ի փոխարեն։ Դրա համար էլ առաջացել է այդ գումարը։ Մեծ խելք պետք չէր՝ բանկերի պարտավորությունը կատարելու համար, խելքը նրա համար էր, որ իրագործեն, արդիականացնեն, նոր միացումներ կատարեն։ Դրա համար իրենք այնտեղ ամբողջությամբ ձախողվել են»:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---