Դատախազությունը պահանջում է պետությանը վերադարձնել Արամ Հարությունյանի տնօրինած հողատարածքը

Դատախազությունը պահանջում է պետությանը վերադարձնել Արամ Հարությունյանի տնօրինած հողատարածքը

PanARMENIAN.Net - Գլխավոր դատախազությունը պահանջել է Հայաստանի Հանրապետությանը վերադարձնել բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի ապօրինի տիրապետության ներքո գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքը։ Պետական շահերի պաշտպանության նպատակով ներկայացված հայցն ընդունվել է Հակակոռուպցիոն դատարանի վարույթ։

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության հայցն ընդդեմ Դիլիջան համայնքի, Արթուր Արշակյանի և բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի։ Հայցով պահանջվել է անվավեր ճանաչել Դիլիջան քաղաքի Մաքսիմ Գորկու փողոցի 29/24 հասցեում գտնվող 0,8 հա մակերեսով հողամասի վերաբերյալ 2012 թվականի հոկտեմբերի 12-ին կազմակերպված աճուրդը, Արթուր Արշակյանի և Արամ Հարությունյանի միջև 2017 թվականի հունիսի 20-ին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը, ինչպես նաև կիրառել անվավերության հետևանքներ, այդ թվում՝ Արամ Հարությունյանի ապօրինի տիրապետությունից Դիլիջան համայնքին վերադարձնել 0,8 հա մակերեսով հողատարածքը։

Միաժամանակ դատարանը կիրառել է հայցի ապահովման միջոց, որով պատասխանող Արամ Հարությունյանին արգելվել է կատարել այնպիսի գործողություններ, որոնք կհանգեցնեն հայցադիմումում նշված հողամասի փաստացի կամ իրավական վիճակի փոփոխությանը։

Գլխավոր դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորությունների շրջանակում իրականացված ուսումնասիրությամբ, պարզել է, որ 0.8 հա մակերեսով հողատարածքը Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում ընդգրկված՝ «բնության հատուկ պահպանվող տարածքների» հողերի «բնապահպանական անտառ» գործառնական նշանակության հող է, որը չէր կարող օտարվել ֆիզիկական անձանց։

 Ուշագրավ
---