ԱՀԿ․ Մինչև 2050թ․-ը քաղցկեղի նոր դեպքերը կարող են հասնել 35 մլն-ի

ԱՀԿ․ Մինչև 2050թ․-ը քաղցկեղի նոր դեպքերը կարող են հասնել 35 մլն-ի

PanARMENIAN.Net - Քաղցկեղը շարունակում է մնալ աշխարհում մահվան երկրորդ հիմնական պատճառը․ տարեկան արձանագրվում է մոտ 20.6 միլիոն նոր դեպք և մոտ 10 միլիոն մահ: Այդ մասին ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը «Քաղցկեղի վերաբերյալ գլոբալ վիճակի մասին 2026» զեկույցում։

Ամեն օր հիվանդությունը խլում է ավելի քան 26 հազար մարդու կյանք, իսկ եթե անհապաղ քայլեր չձեռնարկվեն, մինչև 2050 թվականը նոր դեպքերի թիվը կարող է հասնել գրեթե 35 միլիոնի, գրում է Panorama.am-ը:

ԱՀԿ-ն և Քաղցկեղի հետազոտությունների միջազգային գործակալությունը (IARC) ընդգծել են, որ, չնայած վերջին տարիներին արձանագրված առաջընթացին, աշխարհում շարունակում են խորանալ կանխարգելման, վաղ ախտորոշման, բուժման և աջակցող խնամքի հասանելիության անհավասարությունները։ Զեկույցի համաձայն՝ բարձր եկամուտ ունեցող երկրներում կրծքագեղձի քաղցկեղով կանանց 87%-ն ապրում է ախտորոշումից հինգ տարի անց, մինչդեռ ցածր եկամուտ ունեցող երկրներում այդ ցուցանիշը կազմում է ընդամենը 42%։ Բացի այդ, յուրաքանչյուր երեք երկրներից մեկից պակասն է քաղցկեղի բուժումը ներառել համընդհանուր առողջապահական ապահովագրության փաթեթում։

Զեկույցում նշվում է, որ քաղցկեղի գրեթե 40 %-ը պայմանավորված է կանխարգելելի ռիսկի գործոններով, այդ թվում՝ ծխախոտի և ալկոհոլի օգտագործմամբ, ավելորդ քաշով, ֆիզիկական անգործությամբ, անառողջ սննդակարգով և որոշ վարակներով։ Թեև 2010 թվականից ծխախոտի օգտագործումը նվազել է 27 %-ով, իսկ երկրների 82 %-ն արդեն ունեցել է քաղցկեղի դեմ պայքարի ազգային ծրագիր, անհրաժեշտ դեղամիջոցների և ժամանակակից բուժման հասանելիությունը, հատկապես ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում, շարունակում է մնալ սահմանափակ։

ԱՀԿ-ն կոչ է արել անցում կատարել մարդակենտրոն մոտեցման՝ քաղցկեղից տուժած մարդկանց և նրանց ընտանիքներին դարձնելով առողջապահական քաղաքականության կենտրոն։

Կազմակերպությունը կառավարություններին և միջազգային գործընկերներին առաջարկել է ընդլայնել համընդհանուր առողջապահական ծածկույթը, ուժեղացնել սոցիալական պաշտպանությունը և ապահովել նորարարական բուժման հավասար հասանելիություն՝ ընդգծելով, որ այսօր ընդունվող որոշումները ձևավորելու են ապագա սերունդների առողջությունը։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---