«Ոսկե ծիրանը» կմեկնարկի եզակի երաժշտական ինստալացիա-պերֆորմանսով

«Ոսկե ծիրանը» կմեկնարկի եզակի երաժշտական ինստալացիա-պերֆորմանսով

PanARMENIAN.Net - Երևանի «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնի բացումն ազդարարվելու է բոլորովին նոր արվեստային ձևաչափով։ Փառատոնը հուլիսի 13-ին Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկելու է Chora Gavit: A Score for Moving Bodies տարածական երաժշտական ինստալացիա-պերֆորմանսով, որի շնորհիվ կինոփառատոնի մուտքը վերածվելու է ստեղծագործական իրադարձության։ Նախագիծն իրականացվելու է hosq հիմնադրամի համագործակցությամբ։

Սա դասական համերգ կամ բեմական ներկայացում չէ։ Այստեղ բեմ չի լինելու, ինչպես նաև չի լինելու մեկ կենտրոն կամ «ճիշտ» դիտակետ։ Փոխարենը երաժիշտները տեղակայվելու են նախասրահի տարբեր հատվածներում՝ ստեղծելով կենդանի ձայնային միջավայր, որի միջով անցնելու են հյուրերը։ Յուրաքանչյուր այցելու, իր շարժման ուղղությունից, կանգառներից, լսողության կետերից և ուշադրությունից կախված, վայելելու է ստեղծագործության սեփական տարբերակը, հայտնում է Արմենպրեսը:

Chora Gavit: A Score for Moving Bodies-ը կինոփառատոնի բացման ավանդական ձևաչափին առաջարկելու է նոր մոտեցում։ Մինչ առաջին ֆիլմի ցուցադրությունը, առաջին կադրը և պաշտոնական բացման արարողությունը, հանդիսատեսն արդեն հայտնվելու է արվեստի ներսում։ Կինոփառատոնի մուտքն այլևս պարզապես անցում չի լինելու, այլ դառնալու է առաջին կինեմատոգրաֆիկ փորձառությունը։

Նախագծի կոմպոզիտորը սահմանելու է երաժշտական համակարգը, երաժիշտներն այն կենդանացնելու են իմպրովիզացիայի միջոցով, իսկ տարածքն ու հանդիսատեսի շարժումը դառնալու են ստեղծագործության հավասարազոր համահեղինակներ։

Նախագծի անվանումը միավորելու է երկու կարևոր հասկացություն։ Chora-ն հին հունական փիլիսոփայական եզրույթ է, որը խորհրդանշում է ձևավորման, հնարավորությունների և ծնունդի տարածքը, իսկ Gavit-ը հայկական ճարտարապետական ավանդույթում եկեղեցական գավիթն է։ Այս գաղափարների համադրությամբ փառատոնի նախասրահը վերածվելու է ժամանակակից «գավիթի», որտեղ քաղաքային առօրյան աստիճանաբար փոխակերպվելու է կինոփառատոնի ստեղծագործական իրականության։

Chora Gavit: A Score for Moving Bodies-ը հիմնված է site-specific արվեստի սկզբունքների վրա, որոնցում տարածքը պարզապես միջավայր չէ, այլ ստեղծագործության կարևոր բաղադրիչ։ Այստեղ երաժշտությունը դառնալու է միջավայր, ճարտարապետությունը՝ գործիք, իսկ մարդու շարժումը՝ ստեղծագործության կենդանի պարտիտուրա։

Այս բացառիկ ինստալացիա-պերֆորմանսով «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն ու hosq-ը հանդիսատեսին առաջարկելու են նորովի ընկալել կինոյի մեկնարկի գաղափարը՝ ընդգծելով, որ կինոն սկսվում է ոչ միայն էկրանին, այլև տարածության, լույսի, ձայնի և մարդկային շարժման փոխազդեցության մեջ։

Այս տարի փառատոնի համար ներկայացվել է մոտ 600 հայտ՝ աշխարհի 90 երկրից, որոնցից ընտրվել է 90 ֆիլմ՝ 40 երկրից։ Այս տարվա պատվավոր հյուրը ֆրանսահայ անվանի դերասան Սիմոն Աբգարյանն է։ Միջազգային և տարածաշրջանային մրցութային ծրագրերի ժյուրիները գլխավորելու են ժամանակակից կինոյի ճանաչված ներկայացուցիչներ Ջեսիկա Հաուսներն ու Մահմուդ Քալարին։

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---