Վարդանյանի գործով իրավապաշտպանը կդիմի ՄԻԵԴ

Վարդանյանի գործով իրավապաշտպանը կդիմի ՄԻԵԴ

PanARMENIAN.Net - Ադրբեջանում մոտ երեք տարի գերության մեջ պահվող և 20 տարվա ազատազրկման դատապարտված Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի գործով իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը պատրաստվում է դիմել ՄԻԵԴ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Միջազգային իրավունքի մասնագետը հայտնել է, որ վերջապես հաջողվել է ստանալ Վարդանյանի դատավճիռը, որն անհրաժեշտ է եղել Եվրոպական դատարանում գործընթաց սկսելու համար։

«Նախապատրաստական փուլում ենք, շաբաթներ անց արդեն գործը մուտք կարվի», -ասել է Սահակյանը, հայտնում է «Ազատությունը»:

«Ռուբեն Վարդանյանի պարագայում մենք ցուցադրելու ենք, որ մեղադրանքը քաղաքական է, որևէ անհատական հանցավոր արարք երբևէ Վարդանյանի կողմից չի իրականացվել: Հավաքական ինքնորոշման իրավունքը ապօրինաբար որակավորվել է որպես ահաբեկչություն, մինչդեռ չի կարող լինել պատիժ՝ առանց օրենքով նախատեսված արարքի», - ընդգծել է իրավապաշտպանը։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի բանտերում պահվող մյուս 15 հայ գերիներին, որոնց թվում է նաև Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությունը, ապա Բաքուն շարունակել է հրաժարվել նրանց, ինչպես նաև նրանց հանրային պաշտպաններին տրամադրել դատավճիռները, որոնք հրապարակվել են դեռևս ութ ամիս առաջ։ Այդպիսով 15 հայ գերիները մինչ օրս զրկված են իրենց դատավճիռներին ծանոթանալու հնարավորությունից, մասնավորապես՝ իմանալու, թե կոնկրետ ինչ գործողություններ են իրենց վերագրվել և ինչ ապացույցների հիման վրա։

«Կարծում եմ՝ փորձում են խոչընդոտել միջազգային բողոքներ ներկայացնելու գործընթացին, և նաև մենք չենք բացառում, որ այդ դատավճիռնեը վերջնականացված էլ չեն, քանի որ դատավարությունը ինքնին շինծու էր, և քաղաքական պատվերով էր ձևավորվել դատավարության ելքը: Կարծում եմ՝ ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի ambողջ իրավապահ համակարգը ինչ-որ պատճառաբանություններ ներկայացնի այդ դատական ակտում, քանի որ գիտակցում են, որ այս գործընթացները տեղափոխվում են միջազգային ատյաններ», - ասել է միջազգային իրավունքի մասնագետը։

Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու համար անհրաժեշտ է ունենալ դատավճիռները։ Եթե Ադրբեջանի դատական իշխանությունները շարունակեն չտրամադրել դրանք, ապա հնարավոր կլինի ստանալ արդեն ՄԻԵԴ-ի միջոցով։ Միջազգային դատարանը միջանկյալ որոշում է կայացրել, որի համաձայն՝ մինչև օգոստոսի 31-ը Ադրբեջանի իշխանությունները Հայաստանի 15 քաղաքացիների դատավճիռները պետք է ներկայացնեն Եվրոպական դատարան։

«Եթե Եվրոպական դատարանին էլ չտրամադրեն, մենք այստեղ կունենանք նոր որակի մարդու իրավունքների խախտման պնդումներ, կարծում եմ՝ Ադրբեջանի իշխանությունները չեն գնա այդ ճանապարհով և առնվազն դատավճիռները կտրամադրեն դատարանին», - ընդգծել է Սահակյանը։

Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման:

ԼՂՀ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը դատապարտվել է ցմահ ազատազրկման: Ցմահ ազատազրկման են դատապարտվել նաև ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և նախկին հրամանատարի առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Արցախի Հանրապետության ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանն ու ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը: Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման:

Մադաթ Բաբայանը և Մելիքսեթ Փաշայանը դատապարտվել են 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---