Խաժակյանը դուրս է գալիս «Լուսավոր Հայաստանից»

Խաժակյանը դուրս  է գալիս «Լուսավոր Հայաստանից»

PanARMENIAN.Net - Դավիթ Խաժակյանը հայտարարել է, որ հեռանում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից՝ նշելով, որ այնտեղ իր առաքելությունն ավարտված է համարել։

Նա հավելել է, որ խորհրդարանական ընտրություններին չմասնակցելն իր ընտրությունն էր

«21 տարեկանում հեշտ չէր որոշել դառնալ կուսակցական և զբաղվել քաղաքականությամբ: Գիտակցված և բարդ ընտրություն էր, որի համար ափսոսանք չունեմ:

Այս տարիներն ինձ համար եղել են քաղաքական հասունացման և զարգացման կարևոր շրջան։ Հումորի էր վերածվել այն, որ ամեն հաջորդ ընտրությանը իմ տարիքը չէր բավականացնում թեկնածու առաջադրվել: Բարեբախտաբար այդ «խոչընդոտները» ևս հաղթահարվեցին:

Փորձել եմ լինել թիմային խաղացող՝ հպարտանալով մեր համատեղ ձեռքբերումներով և պատասխանատվություն կրել ձախողումների համար։

Շնորհակալ եմ բոլոր նրանց, ում հետ այս ճանապարհը միասին անցել ենք՝ գործընկերներիս, նախկին և ներկա թիմակիցներիս, ինչպես նաև կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին, ում վստահել եմ, ումից սովորել և ում հետ միասին ծառայել եմ մեր պետությանն ու ժողովրդին։

Խորհրդարանական ընտրություններին չմասնակցելը իմ ընտրությունն էր, իսկ այժմ նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցությունում իմ առաքելությունը համարում եմ ավարտված՝ թողնելով ջերմեռանդ երիտասարդական ջանքս և ինձ հետ վերցնելով մեծ փորձառություն, ջերմ հիշողություններ և բազմաթիվ լավ ընկերներ:

«Ես հեռանում եմ, որ դառնամ, հազար փակված դռներ բանամ։ Հիմա գնամ, բարով մնաք...»․ Մեսչյանական այս խոսքերով ավարտում եմ հաղորդագրությունս՝ անցած ճանապարհը վերարժևորելով և շարժվելով առաջ՝ Նոր Շնչով»,– գրել է նա։

Խաժակյանը կուսակցության կառավարման խորհրդի փոխնախագահն էր:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ «Լուսավոր Հայաստան․ կուսակցության Կառավարման խորհրդի որոշմամբ կուսակցության փոխնախագահ է ընտրվել Գևորգ Գորգիսյանը։

 Ուշագրավ
---