Եվրոպայում անոմալ շոգից ավելի քան 10,000 մարդ է մահացել![]() 13 հուլիսի 2026 - 13:29 AMT PanARMENIAN.Net - Հունիսի վերջին օրերին Եվրոպան պատած սաստիկ շոգը դարձել է ավելի քան 10,000 հավելյալ մահվան պատճառ։ Այդ մասին հուլիսի 12-ին՝ կիրակի, հայտնել է «dpa» գործակալությունը՝ հղում անելով EuroMOMO մահացության մոնիթորինգի եվրոպական ծրագրի տվյալներին, որը գործել է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի (ECDC) և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) աջակցությամբ։ Ներկայացված տվյալների համաձայն՝ այդ ժամանակահատվածում շոգի հետ կապված մահերի ճնշող մեծամասնությունը գրանցվել է 65 և ավելի տարեկան մարդկանց շրջանում։ Անոմալ բարձր օդի ջերմաստիճանը կարող է առաջացնել ոչ միայն ջերմահարություն, այլև սրել սրտանոթային և շնչառական հիվանդությունները, իսկ տարեց մարդիկ առավել խոցելի են նման վտանգների նկատմամբ, հայտնում է Deutsche Welle-ն: EuroMOMO-ի հետազոտության հեղինակներն ամփոփել են եվրոպական 27 երկրի ազգային վիճակագրական տվյալները։ Առանձին երկրների վերաբերյալ տվյալներ նախագիծը չի հրապարակել, սակայն նշել է, որ հունիսի վերջին շաբաթվա ընթացքում «շատ բարձր հավելյալ մահացություն» արձանագրվել է միայն Ֆրանսիայում և Բելգիայում։ Այս թեմայով իրականացվել են նաև այլ հետազոտություններ։ Գերմանիայի Ռոբերտ Կոխի ինստիտուտի (RKI) մասնագետները գնահատել են, որ մինչև հունիսի վերջը Գերմանիայում ծայրահեղ շոգի հետևանքով մահացել է մոտ 5100 մարդ, որոնցից 4310-ը՝ միայն հունիսի 22-28-ն ընկած առանձնապես շոգ շաբաթվա ընթացքում։ Շոգի հետ կապված մահերի ավելի քան 80 տոկոսը բաժին է հասել 75 տարեկանից բարձր մարդկանց։ Բացի այդ, մահացածների շրջանում կանայք ավելի շատ են եղել, քան տղամարդիկ, սակայն RKI-ում դա բացատրել են այն հանգամանքով, որ տարիքային ավագ խմբերում կանանց մասնաբաժինն ավելի մեծ է։ Մեկ այլ հետազոտություն վերաբերել է Մեծ Բրիտանիային և իրականացվել է Լոնդոնի Կայսերական քոլեջի, երկրի Օդերևութաբանական ծառայության և Լոնդոնի հիգիենայի և արևադարձային բժշկության դպրոցի համատեղ ուժերով։ Նրանց տվյալներով՝ միայն Անգլիայում և Ուելսում հունիսի վերջին ծայրահեղ շոգի հետևանքով մահացել է մոտ 2700 մարդ։ Նույն գիտական խումբը նաև հաշվարկել է, որ անոմալ շոգի ալիքը Եվրոպայի 12 խոշոր քաղաքներում դարձել է մոտ 2300 մարդու մահվան պատճառ։ Շոգի հետևանքով մահերի ամենամեծ թիվն արձանագրվել է Միլանում, Փարիզում և Բարսելոնայում։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |