Պետդեպ․ TRIPP-ի սահմանային և մաքսային գործառույթները կլինեն ՀՀ վերահսկողության ներքո

Պետդեպ․ TRIPP-ի սահմանային և մաքսային գործառույթները կլինեն ՀՀ վերահսկողության ներքո

PanARMENIAN.Net - TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո: Այդ մասին հայտնել են ԱՄՆ Պետդեպարտամենտից՝ TRIPP երթուղում ԵԱՏՄ կարգավորումների մասին հարցին ի պատասխան, տեղեկացնում է «Ազատությունը»:

Օրերս Հայաստանի փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը հայտարարել էր, որ Սյունիքի մարզով Ադրբեջանը Նախիջևանին կապող TRIPP-ը գործելու է ԵԱՏՄ տարանցման կանոնակարգերին համապատասխան: «Ազատությունը» պետդեպարտամենտից մասնավորապես հետաքրքրվել էր, թե արդյոք Միացյալ Նահանգները, որպես TRIPP-ի մասնակից, համաձայնե՞լ է, որ տարանցիկ երթուղին գործի ԵԱՏՄ կարգավորող շրջանակի ներքո և արդյոք TRIPP-ի շրջանակներում մաքսային տարանցման ընթացակարգերը կարգավորվելու են ԵԱՏՄ կանոնակարգերով, և եթե այո, ապա այս հարցի շուրջ Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև արդեն իսկ կա՞ փոխըմբռնում կամ համաձայնություն:

Պետդեպարտամենտը պատասխանել է կարճ. «TRIPP-ը պահպանում է Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և իրավազորությունը: Սահմանային անվտանգության և մաքսային բոլոր գործառույթները մնում են Հայաստանի վերահսկողության ներքո, Հայաստանի իշխանություններն են իրականացնում վերահսկողությունն ու կայացնում առանցքային որոշումները»։

Ավելի վաղ արտգործնախարար Արարատ Միրզոյանը չէր բացառել, որ ճանապարհից օգտվողների առերես սպասարկումը, այսինքն՝ անմիջական շփումը, կարող է պատվիրակվել նաև երրորդ երկրի օպերատորի։ Նրա խոսքով՝ ստուգման համար անհրաժեշտ փաստաթղթերը հավաքելու և տարանցման վճարները գանձելու գործառույթները կարող են իրականացնել հենց նրանք։

Այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն նախատեսում է փոփոխություններ գործող կարգավորող շրջանակում կամ TRIPP-ի համար առանձին տարանցման կանոնների ներդրում, Պետդեպարտամենտը չի պատասխանել։ Իսկ այն հարցին, թե Վաշինգտոնը քննարկե՞լ է այդ թեման Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների հետ, Պետդեպի խոսնակը միայն նշել է, որ Վաշինգտոնը շարունակում է համագործակցել Ադրբեջանի կառավարության հետ Ռազմավարական գործընկերության փաստաթղթում ամրագրված առաջնահերթ ուղղություններով, այդ թվում՝ տարածաշրջանային փոխկապակցվածության, տնտեսական ներդրումների, էներգետիկայի, անվտանգության ոլորտում համագործակցության և արհեստական բանականության ուղղություններով։

Պաշտոնական Վաշինգտոնը նաև հրաժարվել է հայտնել, թե մինչ այժմ որքան ֆինանսավորում է ամերիկյան կողմը հատկացրել TRIPP նախագծին։ Պետդեպի խոսնակը նշել է, որ այս պահին հավելյալ մանրամասներ ներկայացնել չեն կարող։

Մնացական Սաֆարյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասել էր, որ Հայաստանը շարունակում է մնալ ԵԱՏՄ անդամ, հետևաբար TRIPP նախագծի շրջանակում տարանցման գործընթացներն իրականացվելու են ԵԱՏՄ գործող կանոնակարգերին համապատասխան։

«ԵԱՏՄ մաքսային կարգավորումները մեր մաքսային մարմիններն են իրականացնում, այնպես որ մենք այդտեղ հարց չենք տեսնում»,- նշել էր նա՝ հավելելով, որ այս փուլում այդ առումով Ռուսաստանի հետ որևէ խնդիր չի առաջացել։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---