Իսրայելը հետաձգել է Հայոց ցեղասպանության ճանաչման քննարկումը Քնեսեթում

Իսրայելը հետաձգել է Հայոց ցեղասպանության ճանաչման քննարկումը Քնեսեթում

PanARMENIAN.Net - Իսրայելի խորհրդարանում` Քնեսեթում, հետաձգվել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևի քվեարկությունը։ Այդ մասին հայտնել է իսրայելցի պաշտոնյան, գրում է JNS-ը:

Որոշումն ընդունվել է տարածաշրջանում նոր լարվածության պայմաններում, երբ Իրանի կողմից Պարսից ծոցում շարունակվող հարձակումների հետևանքով խափանվել է հրադադարը։ Այն նաև հաջորդել է անցած շաբաթ Թուրքիայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, որի ընթացքում Անկարան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հորդորել է վերսկսել Թուրքիային ամերիկյան F-35 կործանիչների մատակարարումը։

Հունիսին Իսրայելի կառավարությունը միաձայն հավանություն էր տվել Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ իրականացված բռնությունները որպես ցեղասպանություն որակելու առաջարկին։ Այդ քայլը կատարվել էր Թուրքիայի հետ հարաբերությունների կտրուկ վատթարացման ֆոնին՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Իսրայելի հասցեին հնչեցրած կոշտ հայտարարություններից հետո։ Նախատեսվում էր, որ Քնեսեթը վերջնական հաստատում կտա նախաձեռնությանը։

Իսրայելցի պաշտոնյան JNS-ին հայտնել է, որ քվեարկությունը սառեցվել է։ Քնեսետը շաբաթվա վերջում գնում է ամառային արձակուրդի և չի վերսկսելու աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նախատեսված համազգային ընտրությունները։

Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարի խոսնակը, որի նախաձեռնությամբ առաջարկը նախորդ ամիս ներկայացվել էր կառավարությանը, չի պատասխանել մեկնաբանության համար ուղղված զանգերին և հաղորդագրություններին։

Նշվում է, որ նախկինում Իսրայելը խուսափում էր պաշտոնապես մեկ դար առաջ տեղի ունեցած բռնությունները ցեղասպանություն անվանելուց, սակայն Թուրքիայի հետ հարաբերությունների կտրուկ վատթարացման պայմաններում կառավարությունը հավանություն էր տվել այդ քայլին։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նախկինում բնութագրել է հայերի նկատմամբ իրականացված բռնությունները որպես ցեղասպանություն, սակայն մինչ այժմ այդ հարցով երբևէ պաշտոնական քվեարկություն չէր անցկացվել։

Թուրքիան, որը Գազայի պատերազմի պատճառով Իսրայելի ամենակոշտ միջազգային քննադատներից մեկն է, կառավարության որոշումը բնութագրել է որպես «քաղաքական դրդապատճառներով պայմանավորված»։

Խորհրդարանական քվեարկության սառեցումը կարող է դիտարկվել որպես երկու երկրների միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի մի մաս՝ տարածաշրջանում շարունակվող անկայունության պայմաններում։

Անցած ամիս Ադրբեջանը դատապարտել էր Իսրայելի կառավարության որոշումը և կոչ արել այն չեղարկել։

«Աշխարհիկ շիա մահմեդական Ադրբեջանը պատմական կապեր ունի ինչպես Թուրքիայի, այնպես էլ Իսրայելի հետ և երկար տարիներ փորձել է միջնորդի դեր կատարել իր երկու դաշնակիցների միջև։

Ադրբեջանի դիրքորոշումն Իսրայելի համար ունի ինչպես ռազմավարական, այնպես էլ զգայուն նշանակություն, քանի որ Երուսաղեմն ու Բաքուն տարիների ընթացքում ձևավորել են ամուր գործընկերային հարաբերություններ, որոնք հիմնված են պատմական կապերի վրա և խորացել են անվտանգության ու էներգետիկ համագործակցության ոլորտներում։

Երեք տարի առաջ Ադրբեջանը պատմություն էր կերտել՝ դառնալով առաջին շիա մահմեդական երկիրը, որը դեսպանություն է բացել Իսրայելում՝ անտեսելով Իրանի կողմից հնչեցված բռնության սպառնալիքները, և այդ ժամանակից ի վեր շարունակում է պահպանել Իսրայելի հետ իր ամուր դաշինքը՝ տարածաշրջանային պատերազմների ողջ ընթացքում»,-ասվում է հոդվածում:

Հունիսի 28-ին Իսրայելի կառավարությունը միաձայն հաստատել է արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարի ներկայացրած նախաձեռնությունը՝ պաշտոնապես ճանաչելով Հայոց ցեղասպանությունը: Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել էր, որ աջակցում է Հայոց ցեղասպանության ճանաչման նախաձեռնությանը։

«Երբեք ուշ չէ ճիշտն անելու համար: Այս սարսափելի ցեղասպանությունը, որը տեղի է ունեցել ավելի քան 100 տարի առաջ և որի պատմական փաստերն իսկապես անվիճելի են, ներառել է մեկուկես միլիոն մարդու սպանություն և հին մշակութային ու պատմական ժառանգության ոչնչացում»,-ասել է նա Սաարը:

Հայաստանի կառավարությունը չի պատրաստվում պաշտոնապես արձագանքել Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշմանը։ Այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՔՊ վարչության նիստից հետո:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---