Ծառուկյանի առանձնատնից նրա ձիերի ու փասիանների առգրավումը հետաձգվել է

Ծառուկյանի առանձնատնից նրա ձիերի ու փասիանների առգրավումը հետաձգվել է

PanARMENIAN.Net - Գործարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատնից նրա ձիերի ու փասիանների առգրավումը հետաձգվել է։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Հովհաննես Վարդանյանը։

Ծառուկյանի ընտանի կենդանիների առգրավման մասին հայտնի է դարձել հուլիսի 13-ին, գրում է Sputnik Արմենիան:

«Առգրավման որոշումը դեռ հուլիսի 10-ին է կայացվել, տեխնիկական խնդիրներ էին առաջացել տեղափոխման հետ կապված։ Այնուհետև այսօր պետք է առգրավեին, բայց մեզ համար անհասկանալի պայմաններում դեռևս դա չի արվում ու չգիտենք՝ ինչու։ Մենք այժմ բողոքարկում ենք դատավարական կարգով քննիչի կայացրած որոշումը, քանի որ դրանք համարվում են ընտանի կենդանիներ և որևէ քրեական վարույթի առարկա չեն կարող հանդիսանալ»,- նշել է Վարդանյանը։

Նա ընդգծել է, որ Ծառուկյանի առանձնատանը կա 11 ձի և 1 պոնի, որոնք իրենց ծանոթ միջավայրում են գտնվում, հատուկ խնամքի կարիք ունեն ու տեղափոխման դեպքում կարող են վնաս կրել։

Անդրադառնալով հարցին՝ արդյոք մտավախություն չկա, որ այս կենդանիներն էլ կարող են արժանանալ առյուծներից մեկի ճակատագրին, որը սատկեց, քանի որ կենդանաբանական այգի տանելու համար քնեցրել էին՝ Վարդանյանը շեշտել է, որ վարութային գործողությունները սկսելուց առաջ վարույթ իրականացնող մարմնին առաջարկել և միջնորդել են կենդանիներին ճանաչել որպես իրեղեն ապացույց ու ի պահ հանձնել իրենց, բայց ՔԿ-ն, այնուամենայնիվ, որոշել է տեղափոխել Կենդանաբանական այգի։

«Տեսանք, թե ինչ եղավ»,- ասել է Վարդանյանը։

Փաստաբան Էմին Խաչատրյանն ասել է, որ, հավանաբար, կփորձեն առգրավել նաև փասիաններին, որոնք ապրում են լիովին ազատ և վանդակներում չեն պահվում, գրում է «Փաստինֆոն»:

«Օրեր առաջ եկել էին և ցանկանում էին նման գործողություններ իրականացնել։ Բնականաբար, մեր գործընկեր փաստաբաններն առարկել են այդ գործողության դեմ՝ հաշվի առնելով, որ ձիերը ընտանի կենդանիներ են, և որևէ մեկը խնդիր չունի իր անձնական տարածքում ձիեր պահելու, հատկապես, որ դրա համար առկա են բոլոր անհրաժեշտ և բավարար պայմանները։ Այդ օրը քննիչն արձանագրել է առգրավման անհնարինություն, բայց, այնուամենայնիվ, մենք որոշակի տեղեկություններ ու մտավախություններ ունենք, որ կարող է այդ գործողությունը կրկնվել։

Կարծում եմ՝ կփորձեն առգրավել նաև այլ կենդանիների, որոնք վայրի կենդանիների հետ կապ չունեն, օրինակ՝ փասիաններին, որոնք ապրում են լիովին ազատ և վանդակներում չեն պահվում։ Թե փասիաններին ինչպես են առգրավելու, ինձ համար մի փոքր անհասկանալի է»,- ասել է փաստաբանը։

Խաչատրյանը, անդրադառնալով նաև Ծառուկյանի վայրի կենդանիների առգրավմանը, հայտնել է, որ, ըստ նրա, կոկորդիլոսները մինչև կենդանաբանական այգի տեղափոխվելն ապրել են ավելի բարենպաստ պայմաններում։

«Վայրի կենդանիներին առգրավել ու տարել են։ Օրինակ՝ 9 կոկորդիլոսին տարել ու տեղավորել են 2 կոկորդիլոսի համար նախատեսված վանդակներում։ Բայց հավաստիացնում եմ, որ այն վայրում, որտեղ նրանք նախկինում ապրել են, 100 անգամ ավելի լավ պայմաններ կային, և նրանց ավելի լավ էին խնամում ու կերակրում, քան կարող է այժմ իրականացվել կենդանաբանական այգում»,- ասել է փաստաբանը։

Հուլիսի 6-ին ՔԿ-ն հայտնեց, որ Ծառուկյանի առանձնատան տարածքում կատարած խուզարկություններից հետո Երևանի կենդանաբանական այգի է տեղափոխել 3 առյուծ և 1 վագր։ Մինչդեռ Երևանի կենդանաբանական այգու գիտական գծով փոխտնօրեն Աշոտ Ասլանյանը հայտնել էր, որ այգի է տեղափոխվել 3 առյուծ և 4 վագր։ Հուլիսի 7-ին հայտնի դարձավ, որ առյուծներից մեկը սատկել է։ ՔԿ-ն էգ առյուծի՝ քնեցումից չարթնանալու հանգամանքները քննության առարկա է դարձնելու այն նույն քրեական վարույթով, որով կենդանիներն իրեղեն ապացույց են ճանաչվել։

 Ուշագրավ
---