Թրամփը պաշտոնապես տեղեկացրել է ԱՄՆ Կոնգրեսին Իրանի դեմ պատերազմի վերսկսման մասին![]() 14 հուլիսի 2026 - 13:11 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապես տեղեկացրել է Կոնգրեսին Իրանում ռազմական գործողությունների վերսկսման մասին։ Համապատասխան նամակը հուլիսի 10-ին ուղարկվել է ԱՄՆ Կոնգրեսի ղեկավարությանը և հուլիսի 13-ին հայտնվել է The New York Times (NYT) թերթի տրամադրության տակ։ Նամակում Սպիտակ տան ղեկավարը հայտնել է, որ հուլիսի 7-ին ամերիկյան զինված ուժերը «պաշտպանական հարվածներ են հասցրել Իրանի տարածքում գտնվող թիրախներին», հայտնում է Deutsche Welle-ն: Ինչպես նշել է NYT-ն, այդ ծանուցումը կրկին սրել է Սպիտակ տան և Կոնգրեսի միջև տարաձայնությունները՝ նախագահի լիազորությունների հարցում։ Կոնգրեսի երկու պալատներն արդեն քվեարկել են այն պահանջի օգտին, ըստ որի՝ ԱՄՆ նախագահը պետք է կամ դադարեցնի պատերազմը, կամ ստանա Կոնգրեսի հավանությունը դրա շարունակման համար։ Միևնույն ժամանակ Սպիտակ տունը շարունակում է պնդել, որ Թրամփը գործում է իր սահմանադրական լիազորությունների շրջանակում՝ որպես գերագույն գլխավոր հրամանատար։ Միևնույն ժամանակ ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) X սոցիալական հարթակում հայտնել է, որ հուլիսի 13-ին՝ Արևելյան ափի ժամանակով 16:45-ին (Մոսկվայի ժամանակով՝ 23:45-ին), գերագույն գլխավոր հրամանատարի հրահանգով սկսել է հարվածներ հասցնել Իրանի տարածքին՝ արդեն երրորդ անընդմեջ գիշերային գործողության շրջանակում։ «Այս հարվածները շարունակելու են զգալի վնաս հասցնել իրանական զորքերին և թուլացնել նրանց կարողությունը՝ հարձակվելու խաղաղ բնակիչների և Հորմուզի նեղուցով անցնող քաղաքացիական նավերի վրա»,- հայտարարել են CENTCOM-ում։ Հրամանատարությունից նաև հայտնել են, որ հուլիսի 14-ի երեկոյան ԱՄՆ-ն կվերսկսի Իրանի ծովային շրջափակումը։ «CENTCOM-ի ուժերը կապահովեն շրջափակման պահպանումը Իրանի նավահանգիստներ և առափնյա շրջաններ ուղևորվող կամ այնտեղից դուրս եկող նավերի նկատմամբ»,- ասված է հայտարարությունում։ «Միաժամանակ ԱՄՆ զինված ուժերը կշարունակեն ապահովել ազատ նավարկությունը տարածաշրջանի ջրերում այն բոլոր նավերի համար, որոնք չեն խախտում շրջափակման պայմանները»,- ընդգծվել է հաղորդագրությունում։ Բացի այդ, ամերիկյան զինված ուժերն առաջին անգամ իրենց պատմության ընթացքում հարձակողական գործողության ընթացքում կիրառել են ծովային անօդաչու սարքեր։ CENTCOM-ի տվյալներով՝ հուլիսի 12-ին Բենդեր-Աբասի ռազմածովային բազային հասցված հարվածի ընթացքում օգտագործվել է երեք անօդաչու սարք։ Միևնույն ժամանակ Իրանի պետական IRIB հեռառադիոընկերությունը հայտնել է, որ Իրանը անօդաչու թռչող սարքերով հարվածել է Քուվեյթում տեղակայված ամերիկյան ռազմակայաններին։ Հունիսի 17-ին ԱՄՆ-ն և Իրանը ստորագրել էին շրջանակային համաձայնագիր, որը նախատեսում էր ռազմական գործողությունների դադարեցում և Հորմուզի նեղուցի շրջափակման վերացում։ Սակայն արդեն հունիսի 25-ին իրանական կամիկաձե անօդաչուն հարձակվել էր նեղուցով անցնող քաղաքացիական տանկերի վրա։ Ի պատասխան՝ ԱՄՆ-ն մի շարք հարվածներ էր հասցրել Իրանի տարածքին։ Հուլիսի 8-ին Անկարայում անցկացված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ելույթ ունենալիս Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանի հետ փոխըմբռնման մասին հուշագիրն այլևս ուժի մեջ չէ։ Նա նաև նշել էր, որ անձամբ չի պատրաստվում բանակցել Թեհրանի հետ, սակայն թույլ կտա իր բանակցողներին շարունակել շփումները, եթե նրանք ցանկանան։ Միաժամանակ ԱՄՆ-ն վերականգնել է Իրանի նկատմամբ նավթային պատժամիջոցները։ Reuters գործակալությունը հուլիսի 11-ին հայտնել էր, որ ԱՄՆ-ի հետ փակ բանակցությունների ընթացքում իրանցի պաշտոնյաները Հորմուզի նեղուցում նավերի դեմ նոր հարձակումների պատասխանատվությունը վերագրել են «համակարգի վերահսկողությունից դուրս գործող տարրերին»։ «Նրանք մեզ ասացին. «Մենք ձախողվել ենք։ Մենք սխալ ենք թույլ տվել։ Եկեք խոսենք»»,- գործակալությանը հայտնել է Վաշինգտոնում գտնվող աղբյուրը։ Photo. AP Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |