Երեւանում կայացել է «Ազգային ժողովի գավաթի» խաղարկության բացման հանդիսավոր արարողությունը

PanARMENIAN.Net - Վ.Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում այսօր տեղի ունեցավ դպրոցականների շրջանում կազմակերպվող «Ազգային ժողովի գավաթի» խաղարկության հանրապետական մրցումների եզրափակիչ փուլի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հ. Աբրահամյանը, փոխնախագահ Ս. Նիկոյանը, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Ա. Աշոտյանը, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Ա. Գրիգորյանը, ԱԺ պատգամավորներ, ինչպես նաեւ կրթության, մշակույթի, սպորտի գործիչներ:



Մրցումները կազմակերպել էին ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը, ՀՀ Ազգային ժողովի կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի հանձնաժողովը, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը, Հայաստանի օլիմպիական կոմիտեն, «Սպորտը բոլորի համար» եւ «.«Աշխատանքային ռեզերվներ» մարզական կազմակերպությունները:



Ողջունելով մասնակիցներին` ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ մրցումներին մասնակցել են Հայաստանի բոլոր մարզերի, Երեւան քաղաքի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշակերտները: Նա հույս հայտնեց, որ այս մրցումները կնշանավորվեն ոչ միայն հաղթանակներով, այլեւ ձեռք բերված նոր ընկերներով: ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը մրցումներն արժեվորեց ոչ միայն արտադպրոցական դաստիարակության եւ առողջ ապրելակերպի սերմանման տեսանկյունից, այլեւ որպես լավ հնարավորություն` երեխաների կայացման եւ ինքնահաստատման համար:



Մրցումների նախորդ փուլերին ընդհանուր հաշվով մասնակցել էր Հայաստանի եւ ԼՂՀ-ի 1-6-րդ դասարանների շուրջ 252 հազար, իսկ եզրափակչին` 252 աշակերտ, ովքեր իրենց ուժերը չափելու են վազքի, թենիսի գնդակի նետման, հեռացատկի, փոխանցավազքի մարզաձեւերում: Առաջին տեղ գրաված թիմը կպարգեւատրվի ՀՀ ԱԺ գավաթով, վկայագրով, մարզահագուստով ու մարզագույքով, երկրորդը` ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հավաստագրով ու մրցանակներով, երրորդը` ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության հավաստագրով ու մրցանակներով: Առաջին եռյակում հայտնված թիմերը կստանան նաեւ ՀԱՕԿ-ի հավաստագրեր:
 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---