Փոխվարչապետ․ Ֆրանսիան մշտապես եղել է Հայաստանի վստահելի բարեկամը![]() 15 հուլիսի 2026 - 11:45 AMT PanARMENIAN.Net - Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ Ֆրանսիայի դեսպանությունում անցկացված ընդունելության ժամանակ ունեցած շնորհավորական ուղերձում ասել է, որ Ֆրանսիան մշտապես եղել է Հայաստանի վստահելի բարեկամը: «Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ Հայաստանի կառավարության և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ հարգարժան դեսպան Դըկոտինյի և Ձեր միջոցով մեր բարեմաղթանքներն ենք հղում Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին և կառավարությանը։ Ավելի քան երկու դար առաջ, այս օրը տեղի ունեցած ֆրանսիական մեծ հեղափոխությունը։ Այն մարդկությանը փոխանցեց ազատության, հավասարության և եղբայրության համամարդկային արժեքներ։ Դրանք մինչ օրս էլ շարունակում են ոգեշնչել ժողովուրդներին՝ պաշտպանելու իրենց ինքնիշխանությունը և կառուցելու արդար ու արժանապատիվ հասարակություններ»,-ասել է նա: Գրիգորյանը հավելել է, որ Հայաստանը նույնպես կիսում է այս սկզբունքները և դրանք դիտարկում է որպես կարևոր ուղենիշներ՝ իր պետականության զարգացման համար։ Ֆրանսիան մշտապես եղել է Հայաստանի վստահելի բարեկամը։ Մենք երախտագիտությամբ ենք գնահատում մեր համերաշխությունը։ Այս տարվա մայիսին նախագահ Էմանուել Մակրոնի Հայաստան կատարած պետական այցն իր բովանդակային և հագեցած օրակարգով հանդիսացավ պատմական իրադարձություն։ Այդ օրերին Երևանի և Գյումրիի փողոցներում ականատեսը դարձանք համաժողովրդական, ջերմ վերաբերմունքի։ Այն մեր ժողովուրդների միջև ձևավորված վստահության և փոխադարձ հարգանքի լավագույն արտահայտությունն էր։ Նախագահի այցի ընթացքում ստորագրվեց ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիրը։ Նախանշվեցին երկարաժամկետ համագործակցության նոր հորիզոններ։ Կարևորում ենք նաև Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի մերձեցմանը Եվրոպական Միությանը։ Պարոն դեսպան, Մեր անկեղծ ցանկությունն է՝ տեսնել Ֆրանիսայի շարունակական առաջընթացն ու բարգավաճումը։ Մեր ցանկությունն է նաև, որ հայ-ֆրանսիական գործընկերությունը տարեցտարի առավել ամրապնդվի՝ ի շահ մեր ժողովուրդների բարօրության։ Կեցցե՛ Ֆրանսիան, կեցցե՛ Հայաստանը, կեցցե՛ հայ-ֆրանսիական բարեկամությունը»,-ասել է փոխվարչապետը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |