ԵԽ հանձնաժողովը հավանություն է տվել հայկական ապրանքների մոտ 80%-ը մաքսատուրքից ազատելու առաջարկին

ԵԽ հանձնաժողովը հավանություն է տվել հայկական ապրանքների մոտ 80%-ը մաքսատուրքից ազատելու առաջարկին

PanARMENIAN.Net - Եվրախորհրդարանի Միջազգային առևտրի հանձնաժողովը հավանություն է տվել Հայաստանից ԵՄ արտահանման գրեթե 80 տոկոսը մաքսատուրքերից ազատելու նախաձեռնությանը։

«Հայկական ապրանքների նկատմամբ կիրառվող առևտրի ժամանակավոր ազատականացման միջոցների մասին» օրենսդրական առաջարկը հանձնաժողովում քննարկվել և ընդունվել է առանց առարկությունների, հայտնում է Factor.am-ը:

Հուլիսի սկզբին Եվրոպական հանձնաժողովը պաշտոնապես առաջարկել է Եվրոպական խորհրդարանին և Խորհրդին երկու տարի ժամկետով ազատականացնել հայկական ապրանքների զգալի մասի մուտքը ԵՄ շուկա։ Այսպիսով, Եվրամիությունը վերահաստատել է Հայաստանի տնտեսությանն աջակցելու իր հանձնառությունը՝ հայկական ապրանքների համար ռուսական շուկայի սահմանափակումներից հետո։

«Այս միջոցները Հայաստանին կտրամադրեն ժամանակավոր սակագնային ազատականացում ապրանքների լայն տեսականու համար, որոնք հիմնականում համահունչ են GSP+ (Արտոնությունների ընդհանրացված համակարգ) ռեժիմին, ինչպես նաև անմաքս սակագնային քվոտաներ՝ որոշակի գյուղատնտեսական ապրանքների համար։ Սա կազատականացնի դեպի ԵՄ հայկական արտահանման գրեթե 80%-ը»,- Միջազգային առևտրի հանձնաժողովի նիստի ժամանակ ասել է Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչ Էվա Կրաուզան։

Նախկինում գործող GSP+ համակարգի համեմատ՝ նոր կանոններով վերացվել են սեզոնային սահմանափակումները։ Այժմ առանց մաքսատուրքերի և սահմանափակումների հնարավոր է արտահանել լոլիկ, խնձոր, վարունգ, խաղող, տանձ, ծիրան, կեռաս, դեղձ, սալոր և ելակ։

Միևնույն ժամանակ որոշ ընկերություններ և ապրանքատեսակներ չեն կարող օգտվել նախատեսված արտոնություններից։

««Արմենալ»-ը՝ Հայաստանում տեղակայված ալյումինե նրբաթիթեղ արտահանող ընկերությունը, որը ռուսական «Ռուսալ»-ի դուստր ձեռնարկությունն է, բացառվել է ծրագրից։ Հետևաբար՝ ալյումինե նրբաթիթեղի ներմուծումը, որը կազմում է Հայաստանից ԵՄ ընդհանուր ներմուծման մոտ 13%-ը, նույնպես բացառվել է։ Եվ, վերջապես, մենք ունենք որոշակի համակարգային զգայունություններ ձևափոխված օսլայի, ռոմի, էթիլային սպիրտի, քաղցր եգիպտացորենի և շաքարի ածանցյալների նկատմամբ, որոնք նույնպես դուրս են մնացել առաջարկից։ Դրանք միասին կազմում են Հայաստանից կատարվող ներմուծման մոտ 1%-ը»,- ընդգծեց Էվա Կրաուզան։

Եվրամիություն արտահանվող հայկական ապրանքները պետք է խստորեն համապատասխանեն սննդի անվտանգության և բուսասանիտարական պահանջներին։

«Միասնական շուկա մուտք գործող հայկական ապրանքները պետք է ունենան սննդի անվտանգության, սանիտարական և բուսասանիտարական նորմերին, որակի և սպառողների պաշտպանության եվրոպական այն նույն ստանդարտները, որոնք պահանջվում են ԵՄ ներսում վաճառվող ցանկացած այլ արտադրանքի դեպքում։ Այլ կերպ ասած՝ մենք ազատականացնում ենք շուկայի հասանելիությունը, այլ ոչ թե նվազեցնում մեր ստանդարտները»,- ասել է ԵԽ պատգամավոր, Միջազգային առևտրի հանձնաժողովի անդամ Ստեֆան Մուշոյուն։

Հայաստանը պարտավորվելու է սերտորեն համագործակցել Եվրամիության հետ ապրանքների ծագման ստուգման հարցում՝ Հայաստանի միջոցով ռուսական ապրանքների մուտքը ԵՄ շուկա կանխելու նպատակով։ Կանոնների խախտման կամ խարդախության վտանգի դեպքում արտոնությունները կարող են կասեցվել։

Նախատեսվում է նաև հատուկ աշխատանքային խմբի գործունեություն, որն օգնելու է Հայաստանին հաղթահարել լոգիստիկ խնդիրները և կատարելագործել որակի ենթակառուցվածքները՝ ԵՄ չափանիշներին համապատասխանելու համար։

Էվա Կրաուզայի գնահատմամբ՝ Հայաստանին աջակցելու այս քայլը բացառիկ է, քանի որ նախկինում նման արտոնություններ տրամադրվել են միայն Եվրամիությանն անդամակցության թեկնածու երկրներին։

Փոփոխությունների ներկայացման վերջնաժամկետը սահմանվել է հուլիսի 30-ը։ Հետևաբար, «Հայկական ապրանքների նկատմամբ կիրառվող առևտրի ժամանակավոր ազատականացման միջոցների մասին» օրենսդրական նախագիծը Եվրոպական խորհրդարանի օրակարգում կարող է ընդգրկվել արդեն սեպտեմբերին։

Ռուսաստանը սահմանափակումներ է կիրառել հայկական արտադրանքի ներմուծման նկատմամբ։ Մասնավորապես, արգելվել է Հայաստանից «Ջերմուկ» հանքային ջրերի, ծաղիկների, ինչպես նաև որոշ ալկոհոլային խմիչքների ներմուծումը։ Սահմանափակումներ են կիրառվել նաև գյուղատնտեսական մի շարք ապրանքների, այդ թվում՝ լոլիկի, վարունգի և ելակի ներմուծման նկատմամբ։ ՌԴ-նհունիսի 2-իցսահմանափակում է ՀՀ-ից կեռասի, ծիրանի, դեղձի, սալորի, խաղողիև այլ կորիզավոր մրգերիներմուծումը, ինչպես նաև տարանցումը ԵԱՏՄ մյուս երկրներ: Հունիսի 3-ից ՌԴ-ն սահմանափակել էՀայաստանից ծագող և արտահանվող սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներմուծմաննկատմամբ։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---