Gardian․ «TRIPP+» հիմնադրամի ղեկավար է նշանակվել Viva Armenia-ի խոշոր բաժնետերերից մեկը

Gardian․ «TRIPP+» հիմնադրամի ղեկավար է նշանակվել Viva Armenia-ի խոշոր բաժնետերերից մեկը

PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետդեպարտամենտի նոր ձեռնարկատիրական «TRIPP+» հիմնադրամի նախագահ է նշանակվել Չիկագոյում բնակվող, Ռուսաստանում ծնված մասնավոր կապիտալի ներդրող Կոնստանտին Սոկոլովը:

Հիմնադրամը վերահսկելու է Կենտրոնական Ասիայի առևտրային միջանցքի համար նախատեսված ավելի քան 200 միլիոն դոլարը՝ ներառյալ տրանսպորտի, էներգետիկ ենթակառուցվածքների և կարևորագույն հանքանյութերի ոլորտներում ներդրումները, գրում է Gardian-ը:

Նշվում է, որ Սոկոլովը Հայաստանի ամենամեծ հեռահաղորդակցության ընկերության՝ Viva Armenia-ի խոշոր բաժնետեր է։

Սոկոլովը նաև այն 36 նվիրատուներից մեկն է, որոնք, Դոնալդ Թրամփի խոսքով, ավելի քան 350 միլիոն դոլար են հատկացրել նրա պարահանդեսային դահլիճի նախագծին։ Սոկոլովը դարձել է պարահանդեսային դահլիճի նախագծի վերջին նվիրատուն, որը պետական պաշտոն է ստացել։ Նրա նվիրատվության չափը չի հրապարակվել։ Նախկինում նա պետական պաշտոն չի զբաղեցրել։

Թրամփի երկրորդ պաշտոնավարման ընթացքում Սոկոլովն ավելի քան 12 միլիոն դոլար է նվիրաբերել հանրապետականների նախընտրական արշավներին և քաղաքական խմբերին։

Նշվում է, որ «ԹՐԻՓՓ+» ձեռնարկատիրական հիմնադրամն անվանվել է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի անունով։ Այն 27 մղոն երկարությամբ առևտրային միջանցք է, որն անցնում է Հայաստանի հարավով և Ադրբեջանի տարածքով։ Պետդեպարտամենտի խոսնակը հայտնել է, որ 201 միլիոն դոլարանոց հիմնադրամն իրավասու է վարկեր, բաժնային ներդրումներ և դրամաշնորհներ տրամադրել Հարավային Կովկասում ու Կենտրոնական Ասիայում մասնավոր հատվածի ռազմավարական զարգացումը խթանելու համար։ Ծրագրում ներառվել են Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը և Ուզբեկստանը։

«Դեռ պարզ չէ, թե Սոկոլովը կամ Միացյալ Նահանգներն ինչ օգուտ կարող են ստանալ հիմնադրամից, կամ արդյոք Սոկոլովը վարձատրություն է ստանալու իր պաշտոնի համար։ Միևնույն ժամանակ, ըստ նրա անձնական կայքի, Սոկոլովը Հայաստանի խոշորագույն հեռահաղորդակցական ընկերության՝ «Վիվա Արմենիայի» խոշոր բաժնետեր է։ Նա նաև պաշտոններ է զբաղեցրել «Նորթերն Փիլար Էներջի Կոնսորցիումում»՝ Եվրոպան և Աֆրիկան կապող մաքուր էներգիայի ու ստորջրյա օպտիկամանրաթելային մալուխի նախաձեռնությունում, և նախագահել «Պելագոս Դեյթա Սենթրսը»,-ասվում է հրապարակման մեջ:

Նա նաև Չիկագոյում գործող «Այ Ջեյ Էս Ինվեսթմենթս» մասնավոր կապիտալի ընկերության հիմնադիրն է, որը մասնագիտացել է «ապագային պատրաստ» էներգետիկայի և հեռահաղորդակցության ոլորտներում, ինչպես նաև Ցյուրիխում գործող «Գոթհարդ Ինվեսթմենթ Էյ Ջի» ընկերության հիմնադիրը, որի ուշադրության կենտրոնում են ֆինանսական ծառայությունները, էներգետիկան և համաշխարհային անշարժ գույքը։

Պետդեպարտամենտի խոսնակը հայտնել է, որ հիմնադրամը պահպանելու է կիրառելի օրենսդրական պահանջները, այդ թվում՝ տարեկան հաշվետվությունների և անկախ աուդիտի պահանջները՝ թափանցիկությունն ու հաշվետվողականությունն ապահովելու համար։ Այն նաև հետևելու է դրամաշնորհների կիրառելի դրույթներին, ներառյալ շահերի բախման պահանջները։

Սոկոլովն ավելի քան 20 տարի աշխատել է որպես ներդրող, այդ թվում՝ բազմազգ ենթակառուցվածքային և հեռահաղորդակցական նախագծերում։ Նրա անձնական կենսագրությունում նաև նշվել է կառավարություններին և խոշոր ընկերություններին ռազմավարական խորհրդատվություն տրամադրելու փորձը։

Նշվում է, որ Թրամփի վարչակազմն արդեն աննախադեպ քայլեր է ձեռնարկել Հայաստանի հետ կապերը խորացնելու ուղղությամբ այն բանից հետո, երբ Սպիտակ տունն անցած օգոստոսին նպաստել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ձեռքբերմանը։ ԱՄՆ-ը պարտավորվել է 9 միլիարդ դոլար հատկացնել Հայաստանի միջուկային էներգետիկ ոլորտի զարգացմանը և 11 միլիոն դոլարի ամերիկյան արտադրության հետախուզական անօդաչու թռչող սարքեր է վաճառել երկրի կառավարությանը՝ իրականացնելով Հայաստանում ամերիկյան ռազմական տեխնոլոգիաների առաջին վաճառքը։

Զարգացման ֆինանսական կորպորացիան՝ մասնավոր կապիտալի ոլորտի ժառանգորդ Բեն Բլեքի ղեկավարած պետական ներդրումային կառույցը, նույնպես հայտարարել է «ԹՐԻՓՓ Դիվելոփմենթ Քամփանի» ստեղծելու ծրագրերի մասին։ Ընկերությունը կառուցելու է երկաթուղիներ և այլ ենթակառուցվածքներ առաջարկվող երթուղում, որը կապելու է Ադրբեջանն իր վիճարկվող էքսկլավ Նախիջևանի, ինչպես նաև Հայաստանի ու Թուրքիայի հետ։

Թրամփի վարչակազմը 2027 թվականի բյուջետային հայտում Կոնգրեսին խնդրել է ընդլայնել իր լիազորությունները՝ աշխարհի ցանկացած վայրում ձեռնարկատիրական հիմնադրամներ ստեղծելու համար։

Փոխնախագահ Ջեյ Դի Վենսը փետրվարին Հայաստանի մայրաքաղաք Երևան կատարած այցի ընթացքում ԹՐԻՓՓ+ հիմնադրամը նկարագրել է որպես «պատմական վերափոխման» մաս, որը «առևտրի, տարանցման և էներգետիկ հոսքերի բոլորովին նոր աշխարհ կբացի»։

Երբ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մայիսի վերջին ստորագրել են ԹՐԻՓՓ-ի տնտեսական ու անվտանգության համաձայնագիրը, Միրզոյանը մամուլին հայտնել է, որ նրանք «հիմք են դնում այնպիսի տնտեսական համագործակցության համար, որը հայերին հնարավորություն է տալիս գումար վաստակել և հասնել բարեկեցության, իսկ ամերիկացիներին՝ անել նույնը»։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---