«Արարատցեմենտը» հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը

«Արարատցեմենտը» հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը

PanARMENIAN.Net - Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում, Գլխավոր դատախազության միջնորդության հիման վրա, Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ «Արարատցեմենտ» ՓԲ ընկերությունը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը։

2023 թվականի հոկտեմբերի 9-ին Գլխավոր դատախազությունը Հակակոռուպցիոն դատարան հայցադիմում է ներկայացրել Գագիկ Ծառուկյանի և նրա հետ փոխկապակցված անձանց դեմ՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով։

Հայցադիմումով, ի թիվս այլ գույքի, որպես ապօրինի ծագում ունեցող գույք պահանջվել է հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել նաև «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության բաժնետոմսերը։

Նշված վարույթի շրջանակում 2026 թվականի հուլիսի 13-ին Գլխավոր դատախազությունը Հակակոռուպցիոն դատարան է ներկայացրել հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն՝ «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության բաժնետոմսերի կառավարումն ու պահպանումը ՀՀ հանձնելու պահանջով։ Դատարանը 2026 թվականի հուլիսի 15-ի որոշմամբ բավարարել է ներկայացված միջնորդությունը, ինչի արդյունքում «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության բաժնետոմսերի կառավարումն ու պահպանումը հանձնվել է Հայաստանի Հանրապետությանը։

Բացի այդ, հայցադիմումով պահանջվում է Գագիկ Կոլյայի Ծառուկյանից բռնագանձել՝

75 անշարժ գույք և 10 գույքի շուկայական արժեք, որոնցից 57-ը գտնվում են Երևան քաղաքում, 42 տրանսպորտային միջոց, 38 իրավաբանական անձանցում մասնակցություն, որոնց թվում են՝ «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ-ն, «Մուլտի Ավտոտրանս» ՍՊԸ-ն, «Օնիրա քլաբ» ՍՊԸ-ն և այլ իրավաբանական անձինք, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ, որը ներառում է ապօրինի եկամտի մնացորդը և ծախսը, ինչպես նաև տրված փոխառությունները, զիջված պահանջի իրավունքը և 5 տրանսպորտային միջոցի շուկայական արժեք։

Հուլիսի 6-ի վաղ առավոտից ԱԱԾ, ՊԵԿ, ՆԳՆ ոստիկանության աշխատակիցները 70-ից ավելի հասցեներում՝ Ծառուկյանի առանձնատանը և նրան պատկանող ընկերություններում, իրականացվել են միաժամանակյա խուզարկություններ: Ծառուկյանը ձերբակալվել է: Հուլիսի 7-ի վաղ առավոտից Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթացել է Ծառուկյանի խափանման միջոցի քննությունը: Օրվա ավարտին հայտնի է դարձել, որ նա 2 ամսով կալանավորվել է:

 Ուշագրավ
---