Ձուկը ԵՄ արտահանելու համար տնտեսվարողները պետք է գրանցվեն TRACES համակարգում![]() 16 հուլիսի 2026 - 14:07 AMT PanARMENIAN.Net - Հայաստանից Եվրամիության երկրներ ձուկ և ձկնամթերք արտահանող տնտեսավարողները պետք է անցնեն Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ստուգումը և գրանցվեն Եվրամիության TRACES վերահսկման համակարգում։ Համապատասխան նախագիծը հաստատվել է կառավարության կողմից։ Հայաստանը 2025 թվականի մարտի 16-ից ստացել է թեփուկավոր ձուկ և դրանից ստացված արտադրանք Եվրամիություն արտահանելու պաշտոնական թույլտվություն։ Սակայն գործող օրենսդրությամբ մինչ այժմ չեն սահմանվել արտահանող ընկերությունների գրանցման, գրանցումը դադարեցնելու և առողջության սերտիֆիկատ տրամադրելու ընթացակարգերը, գրում է Sputnik Արմենիան: Նախագծով նախատեսվում է, որ Եվրամիության շուկա մուտք գործել ցանկացող տնտեսավարողը նախ պետք է դիմի Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին։ Տեսչական մարմինը կստուգի, թե արդյոք արտադրությունը համապատասխանում է Եվրամիության սննդամթերքի անվտանգության պահանջներին, որից հետո ընկերության տվյալները կներկայացվեն TRACES համակարգում գրանցելու նպատակով։ «Եվրոպական հանձնաժողովի համար լիազոր մարմնի տեղեկատվությունը երաշխիք է հանդիսանում համակարգում տնտեսվարող սուբյեկտի գրանցման հաստատման համար»,– նշված է նախագծի հիմնավորման մեջ։ Նոր կարգով կսահմանվեն նաև գրանցումը դադարեցնելու հիմքերը, ինչպես նաև արտահանվող արտադրանքի համար առողջության սերտիֆիկատ տրամադրելու ընթացակարգը։ Նախագծի հեղինակների գնահատմամբ՝ ընդունվող կարգավորումները հայկական ձկնարտադրողներին հնարավորություն կտան գործնականում օգտվել Եվրամիության շուկա արտահանելու թույլտվությունից, ընդլայնել արտահանման ուղղությունները և արտադրությունը համապատասխանեցնել միջազգային չափանիշներին։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լյայենը հուլիսի 2-ին Հայաստան կատարած այցի ընթացքում հայտարարել է, որ առաջիկայում Հայաստանին կտրամադրվի 18 միլիոն եվրո՝ «օգնելու ամրացնել առևտուրը»։ Նա նշել է, որ այդ ֆինանսավորումը կարող է նպաստել, օրինակ, արտահանման խթանման գործակալության ստեղծմանը։ Լյայենը նաև նշել է, որ Հայաստանին առաջարկվել է ստեղծել ինքնավար առևտրային միջոցներ, որոնք պետք է օգնեն ազատականացնել Հայաստանի արտահանումները դեպի ԵՄ։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |