COP17-ի համար կվերանորոգվի Երևանի Ոսկերիչների փողոցը![]() 16 հուլիսի 2026 - 14:32 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը COP17 համաժողովին ընդառաջ Երևանի Ոսկերիչների փողոցի հիմնանորոգման նպատակով կհատկացնի 545․5 մլն դրամ։ Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության նիստում։ Նախագծի հիմնավորման համաձայն՝ անհրաժեշտ է ապահովել միջոցառման անցկացման վայրին հարող ճանապարհային ենթակառուցվածքների անվտանգ և ներկայացուցչական վիճակը։ Այդ նպատակով առաջարկվել է կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 545.5 մլն դրամ, որից 535.3 մլն դրամը կուղղվի շինարարական աշխատանքներին, 7 մլն դրամը՝ տեխնիկական հսկողությանը, իսկ 3.2 մլն դրամը՝ հեղինակային հսկողությանը, հայտնում է Sputnik Արմենիան: Հիմնանորոգվելու է Ոսկերիչների փողոցի 749 մետր երկարությամբ հատվածը։ Նախագծով նախատեսվել է վերանորոգել ճանապարհը, ամրացնել կամուրջը և հենապատերը, կառուցել նոր ջրահեռացման համակարգ, անցկացնել արտաքին լուսավորություն, վերակառուցել մայթերն ու երթևեկելի մասը, ինչպես նաև կատարել ճանապարհային կահավորման և երթևեկության անվտանգության ապահովման այլ աշխատանքներ։ Նախագծի հեղինակների գնահատմամբ՝ աշխատանքների ֆինանսավորումը պետք է սկսվի արդեն երրորդ եռամսյակից, որպեսզի հիմնանորոգումն ավարտվի մինչև COP17-ի մեկնարկը։ Համաժողովը նախատեսվել է անցկացնել հոկտեմբերի 18-30-ը «Մերիդիան» էքսպո կենտրոնում։ Այն կմիավորի աշխարհի տարբեր երկրներից ժամանած հարյուրավոր պատվիրակությունների։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |