«Հայանտառի» պաշտոնյաները մեղադրվում են հափշտակության և խարդախության մեջ

«Հայանտառի» պաշտոնյաները մեղադրվում են հափշտակության և խարդախության մեջ

PanARMENIAN.Net - Հակակոռուպցիոն կոմիտեում Ներքին գործերի նախարարությունից ստացված հաղորդման հիման վրա նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ստեփանավանի անտառտնտեսության տնօրենը, օգտագործելով իր իշխանական կամ ծառայողական լիազորությունները, կատարել է խարդախություն և վստահված գույքի հափշտակություն։

Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ նախաքննությամբ պարզվել է՝ հիշյալ պաշտոնատար անձը 2023 և 2024 թվականների տարբեր ամիսներին աշխատանքի է ընդունել քաղաքացու, պահել նրա բանկային քարտը, այնուհետև ստացված աշխատավարձից մի մասը կանխիկ հանձնել նրան, իսկ մնացած գումարը հափշտակել։

Բացի այդ, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ստեփանավանի անտառտնտեսության տնօրենի պաշտոնը զբաղեցրած անձը, մեկ այլ քաղաքացու աշխատանքի չներկայանալու պայմաններում, կեղծ տեղեկություններ է ներկայացրել նրա աշխատանքի հաճախելու վերաբերյալ, ինչի արդյունքում այդ աշխատակցին փոխանցված աշխատավարձի մեծ մասը պահել է իրեն։

Նախաքննության ընթացքում բացահայտվել է նաև նույն մասնաճյուղի ավագ անտառապետի կողմից որպես սեզոնային բանվորներ ընդունված 7 քաղաքացիներից խարդախությամբ մոտ 493,000 ՀՀ դրամ հափշտակելու դեպքը։

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ստեփանավանի անտառտնտեսության տնօրենին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 255-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, իսկ աշխատակցին՝ 445-րդ հոդվածի 1-ին մասով։ Անտառտնտեսության ավագ անտառապետին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով։

Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է, և գործի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան։

 Ուշագրավ
---