ՔԿ-ն ավարտել է 538 մլն դրամի հափշտակության գործի նախաքննությունը՝ մեկ անձի մասով

ՔԿ-ն ավարտել է 538 մլն դրամի հափշտակության գործի նախաքննությունը՝ մեկ անձի մասով

PanARMENIAN.Net - Քննչական կոմիտեն ավարտել է 538 մլն դրամի հափշտակության գործի նախաքննությունը՝ մեկ անձի մասով: Ս.Չ.-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ հանցավոր կազմակերպությանը մասնակցելու, առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակություն և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու մեղադրանքով։

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննությամբ ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ Ս.Չ.-ն 2021-2025 թվականներին, անդամակցելով հանցավոր կազմակերպությանը և հանդիսանալով համակարգչային հափշտակություններ ու փողերի լվացում իրականացնելու նպատակով ստեղծված ընկերության տնօրեն, ստեղծել և գործարկել է կեղծ կամ ձևական բովանդակությամբ համացանցային կայքեր և ինտերնետային հարթակներ։

Նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ ընկերության բանկային հաշիվների հիման վրա բանկերից ստացվել և գործարկվել են քարտային և հեռավար վճարումներ իրականացնող վճարային տերմինալներ, որոնցում, առանց օրենքով, պայմանագրով կամ այլ իրավաչափ հիմքով նախատեսված թույլտվության, մուտքագրվել են ապօրինի ձեռք բերված՝ արտասահմանյան երկրների բանկերի կողմից թողարկված հազարավոր քարտապանների բանկային գաղտնիք կազմող տվյալներ՝ քարտի համարը, քարտապանի անունն ու ազգանունը, անվտանգության կոդը, գործողության ժամկետը և նույնականացնող այլ տեղեկություններ։

Այնուհետև այդ տվյալների օգտագործմամբ իրականացված գործարքները ներկայացվել են որպես համացանցային գնումներ կամ ապրանքների և ծառայությունների ձեռքբերում, մինչդեռ իրականում որևէ ապրանք կամ ծառայություն չի մատուցվել։ Արդյունքում, ըստ ՔԿ-ի, հանցավոր կազմակերպության անդամները ապօրինի հափշտակել են տուժող քարտապաններին պատկանող առանձնապես խոշոր չափերով՝ 538 մլն 366 հազար 761 դրամ։

Քննչական կոմիտեի տվյալներով՝ Ս.Չ.-ն հանցավոր կազմակերպության մյուս անդամների հետ, հանցավոր ճանապարհով ստացված 538 մլն 366 հազար 761 դրամի ծագման աղբյուրը խեղաթյուրելու և թաքցնելու նպատակով, իրենց անվամբ ստեղծված ընկերությունների, ինչպես նաև հայրենասիրական-բարեգործական հասարակական կազմակերպության միջոցով կատարել են բազմաթիվ փոխանցումներ, բանկերում քողարկել միջոցների առաջացումը և կոնվերտացումը, հափշտակված գումարները փոխանցել իրենց և հանցակիցների կողմից փաստացի տնօրինվող բանկային հաշիվներին ու էլեկտրոնային դրամապանակներին, իրենց անվամբ գրանցված ընկերությունների խաղային հաշիվներին կատարել խաղադրույքներ, ապա կուտակված գումարները փոխանցել իրենց կողմից տնօրինվող բանկային քարտերին և էլեկտրոնային դրամապանակներին, կազմել և ներկայացրել կեղծ փոխառության պայմանագիր, ձեռք բերել կրիպտոակտիվներ և օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գումարը։

Մեկ մեղադրյալի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 Ուշագրավ
---