Սերգեյ Կորեցկին նշանակվել է Ուկրաինայի վարչապետ![]() 16 հուլիսի 2026 - 17:09 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Սվիրիդենկոյի հրաժարականից հետո երկրի կառավարության ղեկավար է նշանակվել «Նաֆտոգազ Ուկրաինայի» և «Ուկրնաֆտայի» նախկին ղեկավար Սերգեյ Կորեցկին։ Համապատասխան որոշումը հուլիսի 16-ին հաստատվել է Ուկրաինայի Գերագույն ռադայի կողմից, որի օգտին քվեարկել է 289 պատգամավոր։ Խորհրդարանում ունեցած ելույթի ընթացքում Կորեցկին հայտարարել է, որ կառավարության աշխատանքի գլխավոր առաջնահերթությունները լինելու են «Պաշտպանության ուժերի լիարժեք ապահովումը, ուկրաինական ռազմարդյունաբերական համալիրի ներուժի մեծացումը, բնակչության աջակցությունն ու սոցիալական պաշտպանությունը, առաջին հերթին՝ ճակատամերձ համայնքների բնակիչների համար», գրում է Deutsche Welle-ն: Նա նաև նշել է, որ կառավարության առաջնահերթություններից են լինելու բիզնեսի աջակցությունը՝ տնտեսական կայունությունն ապահովելու նպատակով, միջազգային գործընկերների հետ համագործակցության խորացումը, միջազգային օգնության արդյունավետ օգտագործումը և ուկրաինացիների համար բնակարանային ծրագրերի իրականացումը։ Հուլիսի 14-ին Գերագույն ռադան հավանություն է տվել Յուլիա Սվիրիդենկոյի հրաժարականին, ինչի արդյունքում պաշտոնաթող է համարվել ամբողջ կառավարությունը։ Սվիրիդենկոն վարչապետի պաշտոնը զբաղեցրել էր 2025 թվականի հուլիսի 17-ից։ Գերագույն ռադայի պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակի տեղեկություններով՝ սկզբում վարչապետի պաշտոնի համար դիտարկվել է չորս թեկնածու՝ «Նաֆտոգազի» վարչության նախագահ Սերգեյ Կորեցկին, Ուկրաինայի էներգետիկայի նախարար Դենիս Շմիհալը, պաշտպանության նախարար Միխայիլ Ֆյոդորովը և Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը։ Այնուհետև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ վարչապետի պաշտոնի համար ամենահարմար թեկնածուն Սերգեյ Կորեցկին է, և նրա թեկնածությունն է ներկայացրել Գերագույն ռադայի հաստատմանը։ Միաժամանակ հայտնի է դարձել նաև կառավարության նոր կազմը։ Ամենակարևոր փոփոխություններից մեկը վերաբերում է պաշտպանության նախարարի պաշտոնին, որը կարող է ստանձնել Իգոր Կլիմենկոն՝ փոխարինելով Միխայիլ Ֆյոդորովին։ Ներքին գործերի նախարարի պաշտոնում, որն այժմ զբաղեցնում է Կլիմենկոն, նախատեսվում է նշանակել Իվան Վիհովսկուն։ Միևնույն ժամանակ արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան կպահպանի իր պաշտոնը։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |