Ասլանյան․ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը միանալուց հետո գործը վերակենդանացվել է

Ասլանյան․ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը միանալուց հետո գործը վերակենդանացվել է

PanARMENIAN.Net - «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, անդրադառնալով իր դեմ հարուցված նոր քրեական գործին, հայտարարել է, որ այն «վերակենդանացվել է, երբ ինքը միացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը»: Այդ մասին նա ասել է ֆեյսբուքյան եթերում:

«Այս գործն իմ մասին չի եղել, ուղղակի 2026-ին, երբ հայտարարել եմ «Ուժեղ Հայաստանին» միանալու մասին, այդ գործը վերակենդանացվել է և քննչական մարմինները հարկ են համարել այդ գործով ինձ որպես մեղադրայել ներգրավել»,- ասել է նա՝ հավելելով, որ այն քննվում է դեռևս 2022 թվականից:

Ասլանյանը տեղեկացրել է, որ ցուցունք չի տվել: Իր նկատմամբ կիրառվել է չբացակայելու արգելք և գրավ:

Նա նաև նշել է, որ այս գործը առանձնացվել է իր՝ 2021 թվականի կալանավորման գործից և, իր գնահատմամբ, հանդիսանում է «պահեստային տարբերակ իր հանդեպ հավելյալ ճնշում գործադրելու համար», որպեսզի իրեն հետ պահեն քաղաքական ակտիվությունից։

Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանի վերաբերյալ նոր քրեական վարույթ է ուղարկվել Հակակոռուպցիոն դատարան։ Այդ մասին տեղեկությունը հրապարակվել է «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգում:

Ըստ մեղադրանքի՝ Մամիկոն Ասլանյանը, 2016-2021 թվականներին զբաղեցնելով Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը և հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնում մշտապես կազմակերպական-տնօրինչական ու վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով կատարել է պաշտոնեական կեղծիք, ինչպես նաև պաշտոնեական դիրքն օգտագործել ծառայության շահերին հակառակ և դիտավորյալ չի կատարել իր ծառայողական պարտականությունները, ինչի հետևանքով, ըստ մեղադրանքի, էական վնաս է պատճառվել համայնքի օրինական շահերին։

 Ուշագրավ
---