«Ոդիսևս» հեռուստասերիալը կնկարահանվի նաև Հայաստանում

«Ոդիսևս» հեռուստասերիալը կնկարահանվի նաև Հայաստանում

PanARMENIAN.Net - Հոմերոսի «Ոդիսական» էպոսի հիման վրա ստեղծվող «Ոդիսևս» միջազգային հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվել են իրականացնել Հունաստանում և Հայաստանում։

Ինչպես հայտնել է Deadline-ը, նախագիծն իրականացնում են Աթենքում գործող Tanweer Productions ընկերությունը, ամերիկյան Tectonic պրոդյուսերական ընկերությունը և ԱՄՆ-ում գործունեություն ծավալող USATV հայկական հեռուստաընկերությունը։ Սերիալի շոուռաները «Stranger Things»-ի առաջին եթերաշրջանի գործադիր պրոդյուսեր Կառլ Գայդյուսեկն է, հայտնում է Արմենպրեսը:

Նախագծի հեղինակները պատմությունը ներկայացրել են որպես Հոմերոսի հանրահայտ էպոսի նոր և առավել իրատեսական մեկնաբանություն։ Նրանց գնահատմամբ՝ սերիալը պատկերելու է Բրոնզի դարի իրական աշխարհը՝ պատերազմներով, ծովային ճանապարհորդություններով, դավադրություններով և գոյատևման համար մղվող պայքարով, ինչպես նաև անդրադառնալու է այն պատմական գործընթացներին, որոնք հանգեցրել են Բրոնզի դարի փլուզմանը։

Հեռուստասերիալի մշակումը շարունակվել է մի քանի տարի, իսկ նկարահանումների մեկնարկը նախատեսվում է հաջորդ տարվա սկզբին։

Սերիալի ռեժիսորն է Ռոել Ռեինեն, որը նախկինում աշխատել է «Washington», «Black Sails», «Halo» և «Wu Assassins» նախագծերի վրա։

Գործադիր պրոդյուսերների թվում ընդգրկվել են USATV-ի ներկայացուցիչ Վահագն Սարգսյանը, Ջորդան Դայքստրան, Դենիսա Յուհոշը, ինչպես նաև Կառլ Գայդյուսեկը, Շոն Ֆինեգանը, Սքոթ Ուինդհաուզերը, Նոյա Լենգը, Բլեյք Հոսը, Ռոել Ռեինեն և Tanweer Productions-ի ներկայացուցիչ Դիոնիսիս Սամիոտիսը։

«Մենք ցանկանում ենք այս էպիկական պատմությունը ներկայացնել հնարավորինս իրական և պատմական իրողություններին մոտ ձևով։ Հոմերոսի ստեղծագործությունում Ոդիսևսի ճանապարհորդությունը խորհրդանշական իմաստ ունի, սակայն դրա հիմքում նաև իրական մարդկային ճակատագրեր, ընտրություններ, կորուստներ և հաղթահարումներ են»,– նշել է Գայդյուսեկը։

Իր հերթին Ջորդան Դայքստրան հայտնել է, որ նախագծի վրա աշխատում են արդեն գրեթե հինգ տարի։ Նրա խոսքով՝ ստեղծագործական թիմի նպատակն է հանդիսատեսին ներկայացնել հին հելլենական աշխարհի հնարավորինս վավերական և հետաքրքիր պատկերը։

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---