Վենսը մեղադրել է Իսրայելին ԱՄՆ հասարակական կարծիքը «մանիպուլացնելու» մեջ![]() 17 հուլիսի 2026 - 13:06 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը մեղադրել է Իսրայելի կառավարության առանձին անդամներին ամերիկյան հասարակական կարծիքի վրա ազդելու փորձերի մեջ՝ Իրանի հետ պատերազմը երկարաձգելու նպատակով։ Հայտնի պահպանողական փոդքասթեր Ջո Ռոգանին տված հարցազրույցում Վենսը նշել է, որ վստահում է Իսրայելի որոշ քաղաքական գործիչների, սակայն մյուսները «մանիպուլացնում են և փորձում են փոխել ամերիկյան հասարակական կարծիքը, որպեսզի պատերազմը շարունակվի անորոշ ժամանակով», հայտնում է BBC-ն: «Ես միանշանակ կարծում եմ, որ մենք ականատես ենք եղել չափազանց լավ ֆինանսավորվող և շատ աննկատ արշավի, որի նպատակն էր տապալել բանակցություններն ու խափանել համաձայնագիրը», — ընդգծել է փոխնախագահը։ Նրա խոսքով՝ կան «ճշգրիտ ապացույցներ», որ Իսրայելի որոշ առաջնորդներ «ատում են» նախագահ Դոնալդ Թրամփի և Իրանի միջև կնքված համաձայնագիրը։ Իսրայելի կառավարությունը Վենսի հայտարարությունները դեռևս չի մեկնաբանել։ Հունիսին ԱՄՆ-ն և Իրանը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որը ներառել է ԱՄՆ-ի կողմից զգալի զիջումներ, Հորմուզի նեղուցի ապաշրջափակումը և վերջնական կարգավորման շուրջ բանակցությունների մեկնարկը։ Իսրայելը հուշագրի կողմ չի եղել, թեև ԱՄՆ-ի կողմից մասնակցել է Իրանի դեմ պատերազմին։ Փաստաթղթով նախատեսվել է նաև, որ Իսրայելը պետք է դադարեցնի ռազմական գործողությունները Լիբանանում գործող «Հեզբոլլահ» շարժման դեմ։ Վերջին օրերին փխրուն հրադադարն այլևս չի պահպանվում, Իրանը կրկին հայտարարել է նեղուցը փակելու մասին, իսկ ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանի տարածքին։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը, մեկնաբանելով փոխնախագահի հայտարարությունները, ասել է. «Կարծում եմ՝ նախագահը կհամաձայնի, որ այո՛, օտարերկրյա պետությունները փորձում են ազդել ամերիկյան հասարակական կարծիքի վրա»։ Վենսը, որը ակտիվ մասնակցել է Իրանի հետ բանակցություններին, առաջին անգամ չէ, որ քննադատում է Իսրայելին։ Հունիսին, արձագանքելով Իրանի հետ հրադադարի վերաբերյալ իսրայելցի քաղաքական գործիչների քննադատությանը, նա նշել է, որ նրանց չարժե «հարձակվել միակ հզոր դաշնակցի վրա, որը դեռևս մնացել է նրանց աշխարհում»։ Իրանի հետ պատերազմն ԱՄՆ հասարակության շրջանում լայն աջակցություն չի վայելում և բացասաբար է անդրադարձել նախագահ Դոնալդ Թրամփի վարկանիշի վրա։ Իսրայելի անվերապահ աջակցությունը ևս աստիճանաբար թուլանում է․ սկզբում Գազայի, ապա նաև Իրանի հետ պատերազմները բացասական վերաբերմունք են ձևավորել հրեական պետության նկատմամբ թե՛ ձախ, թե՛ աջ քաղաքական ճամբարներում։ Այս փոփոխությունն առավել ակնհայտ է դարձել Դեմոկրատական կուսակցությունում, որտեղ Իսրայելին աջակցող և Ամերիկա-իսրայելական հանրային կապերի կոմիտեի (AIPAC) աջակցությունը ստացած մի շարք թեկնածուներ այս տարի նախնական ընտրություններում պարտվել են Բենիամին Նեթանյահուի կառավարության քննադատներին։ Ներկայացուցիչների պալատը քննարկել է Իսրայելին տրամադրվող բազմամիլիարդ դոլար օգնության կրճատում նախատեսող բանաձևը։ Դրան կողմ է քվեարկել 104 կոնգրեսական, դեմ՝ 314-ը։ Բանաձևի 104 կողմ ձայներից 103-ը պատկանել են դեմոկրատներին, մինչդեռ ևս 98 դեմոկրատ քվեարկել է դրա դեմ։ Photo. Reuters Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |