Դատախազությունը բողոքարկել է Առուշանյանին չազատազրկելու որոշումը

Դատախազությունը բողոքարկել է Առուշանյանին չազատազրկելու որոշումը

PanARMENIAN.Net - Գլխավոր դատախազությունը բողոքարկել է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի գործով Հակակոռուպցիոն դատարանի որոշումը, որով մերժվել էր Պրոբացիայի ծառայության միջնորդությունը: Ըստ այդմ՝ Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ չէր փոխարինվել։ Գլխավոր դատախազությունից հայտնել են, որ Հակակոռուպցիոն դատարանի որոշումը բողոքարկվել է Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարան, հայտնում է Auroranews.am-ը:

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Գնել Գասպարյանի նախագահությամբ, 2022 թվականի մարտի 28-ին հրապարակել էր Առուշ Առուշանյանի և մյուսների գործով դատավճիռը, որով Առուշանյանն արդարացվել էր իրեն վերագրվող ընտրական հանցագործությունների դրվագով: Իսկ մյուս դրվագով ճանաչվել էր մեղավոր և դատապարտվել 1 տարի 6 ամիս ազատազրկման։ Հաշվակցելով նրա՝ ութ ամիս կալանքի տակ գտնվելու ժամկետը՝ դատարանը վերջնական պատիժ էր սահմանել 6 ամիս ազատազրկումը, որի կիրառումը պայմանականորեն չէր իրականացվել։

Դատարանը Առուշանյանի նկատմամբ սահմանել էր 1․5 տարվա փորձաշրջան, ինչպես նաև որպես լրացուցիչ պատիժ նշանակել էր տուգանք և 5 տարի ժամկետով տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարի պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկում։

Գործով արդարացվել էին նաև Քարահունջ բնակավայրի ղեկավար Լուսինե Ավետյանը, Սամվել Դինունցը և Հրայր Բաղդասարյանը, իսկ Էրիկ Աղաջանյանն ու Հարութ Լալազարյանը ճանաչվել էին մեղավոր։ Դատական ակտի դեմ ներկայացվել էին բողոքներ, իսկ հետագայում այն մտել էր օրինական ուժի մեջ։

 Ուշագրավ
---