ՍԱՏՄ․ Ձկնաբուծության ոլորտի 97%-ը պատրաստ է ԵՄ արտահանման![]() 17 հուլիսի 2026 - 16:47 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ձկնաբուծության ոլորտի 97 տոկոսը պատրաստ է ԵՄ արտահանման, հայտարարել է ՍԱՏՄ ղեկավար Տիգրան Պետրոսյանը: Հայաստանից Եվրամիության երկրներ ձուկ և ձկնամթերք արտահանելու նպատակով արդեն մեկ կազմակերպություն պաշտոնապես գրավոր հայտ է ներկայացրել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին, հայտնում է Sputnik Արմենիան: ՀՀ կառավարությունը հաստատել է Հայաստանից Եվրամիության երկրներ ձուկ և ձկնամթերք արտահանելու համապատասխան ընթացակարգերը։ Դրանց համաձայն՝ ոլորտի տնտեսավարողները պետք է անցնեն ՍԱՏՄ-ի ստուգումները և գրանցվեն Եվրամիության TRACES վերահսկման համակարգում։ Պետրոսյանի խոսքով՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ԵՄ արտահանումներ իրականացնելու նպատակով դիմել է հինգ կազմակերպություն, սակայն դրանցից առայժմ միայն մեկն է էլեկտրոնային եղանակով գրավոր դիմում ներկայացրել տեսչական մարմին։ ՍԱՏՄ ղեկավարը տեղեկացրել է, որ հուլիսի 20-ին Հայաստան կժամանեն Եվրամիության անդամ երկրների չորս փորձագետներ, որոնք առաջին արտահանման խմբաքանակի ձևակերպման ընթացքում տեղում կհետևեն ընթացակարգերի կատարմանը և կներկայացնեն անհրաժեշտ տեխնիկական պահանջները։ Նա մանրամասնել է, որ Եվրոպա արտահանելու համար տնտեսավարողները նախ պետք է գրանցվեն TRACES համակարգում։ Այդ նպատակով ՍԱՏՄ պետք է ներկայացվի 18 կետից բաղկացած փաստաթղթերի փաթեթ, որը տեսչական մարմինը կհետազոտի հինգ աշխատանքային օրվա ընթացքում։ Դրանից հետո հայտը կուղարկվի եվրոպական համապատասխան կառույցների հաստատմանը, և միայն այդ փուլից հետո տնտեսավարողը կստանա անհատական կոդ, որը կգործի անժամկետ և, ըստ էության, կլինի նրա օգտանունը։ «Գրանցվելուց հետո ընկերությունները շարունակելու են մնալ վերահսկողության ներքո։ Տարեկան առնվազն մեկ անգամ ՍԱՏՄ–ն ստուգումներ կանցկացնի, իսկ խախտումների դեպքում տնտեսվարողներին նախ հնարավորություն կտրվի դրանք վերացնել, և միայն դրանից հետո կկայացվեն հետագա որոշումները»,– ընդգծել է ՍԱՏՄ ղեկավարը։ Նա նշել է, որ այս փուլում Եվրամիություն հնարավոր է արտահանել միայն ոչ կենդանի ձկնամթերք՝ պաղեցված, սառեցված, աղադրված, ապխտած և պահածոյացված։ Միաժամանակ ՍԱՏՄ ղեկավարն ասել է, որ առայժմ հնարավոր չէ գնահատել, թե հայկական արտադրանքն ինչ պահանջարկ կունենա եվրոպական շուկայում։ Նրա խոսքով՝ դրա համար ժամանակ է անհրաժեշտ, թեև առաջին վաճառքներին կարող է նպաստել հայկական սփյուռքը։ Անդրադառնալով սիգի արտահանմանը՝ Պետրոսյանը նշել է, որ այն կկազմակերպվի փուլային եղանակով, քանի որ այդ ձկնատեսակի նկատմամբ շարունակում են գործել ներպետական սահմանափակումները։ Խոսելով դեպի Ռուսաստան արտահանման հետ կապված խնդիրների մասին՝ ՍԱՏՄ ղեկավարը հատուկ ընդգծել է, որ խոսքը ոչ թե սանկցիաների, այլ ժամանակավոր սահմանափակումների մասին է։ «Խնդիրները լուծման փուլում են, իսկ արդեն իրականացված լաբորատոր հետազոտությունները ցույց են տվել, որ ստուգված ձկնաբուծարաններում նախկինում արձանագրված հիվանդությունները չեն հայտնաբերվել։ Ես ուզում եմ հատուկ շեշտել, որ դա սանկցիա չէ, այլ սահմանափակում է, իսկ դա ժամանակավոր խնդիր է. կա խնդիր, կա լուծում»,– ընդգծել է Պետրոսյանը։ Նա նաև տեղեկացրել է, որ Եվրոպական միության երկրներ ապրանք արտահանելու համար պահանջվում է առնվազն հինգ տարվա մոնիտորինգ, գրում է Panorama.am-ը: «Եվրոպական միության երկրներ ապրանք ներմուծելու համար իրենք ուզում են 5 և ավելի տարի մոնիտորինգ»,- ասուլիսում ասել է նա։ Պետրոսյանը պարզաբանել է, որ այդ հնգամյա ժամանակահատվածում տեսչական մարմինը, կառավարության որոշման համաձայն, իրականացրել է մոնիտորինգային ծրագիր։ «Օրինակ, Հայաստանի տարբեր տարածքների տարբեր ձկնաբուծարաններից, նույնը մեղրի պարագայում, վերցվում էին նմուշներ, որոնք լաբորատոր փորձաքննության էին ենթարկվում, ամեն տարի հաշվետվության տեսքով տեսչական մարմնինը ԵՄ-ին ներկայացնում էր մոնիտորինգի արդյունքները։ 5 տարվա պարբերականությամբ երբ տեսնում էին, որ շեղումներ չկան, համապատասխանում է իրենց պահանջներին, նույն մնացորդային նյութերի, հակաբիոտիկների հետ կապված, այդ ամենը ուսումնասիրելուց հետո, անցած տարի որոշում եղավ, որ Հայաստանից կարող են ձուկ-ձկնամթերք ներմուծել ԵՄ երկրներ։ ՍԱՏՄ ղեկավարը նաև հայտնել է, որ այս պահին ծիրանով բեռնված 50 մեքենա կա, որն արտահանվելու է նոր երկիր։ Ռուսաստանը շարունակում է մնալ հայկական ձկնամթերքի հիմնական և ամենախոշոր արտահանման շուկան։ Այդ պայմաններում Եվրամիության ուղղությամբ առաջին մատակարարումները դիտարկվում են որպես նոր շուկայի փորձարկման քայլ, այլ ոչ թե ռուսական շուկային փոխարինող այլընտրանք։ Մայիսի 15-ին «Ռոսսելխոզնադզորը» հայտարարել էր, որ նախատեսում է տեսչական ստուգումներ անցկացնել հայկական մի շարք ձեռնարկություններում, որոնց արտադրանքի մատակարարումները Ռուսաստան ավելի վաղ կասեցվել էին։ Որպես պատճառ նշվել էր կեղծված՝ ենթադրաբար եվրոպական ծագում ունեցող ձկնամթերքի ներկրման կասկածը։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |