ՀՀ-ն Կաննի կինոփառատոնում 4 համատեղ կարճամետրաժ ֆիլմ կներկայացնի

ՀՀ-ն Կաննի կինոփառատոնում 4 համատեղ կարճամետրաժ ֆիլմ կներկայացնի

PanARMENIAN.Net - Հայաստանը 2027 թվականին կդառնա Կաննի 80-րդ միջազգային կինոփառատոնի «Քննադատների շաբաթ» ծրագրի «Next Step Studio» նախաձեռնության պատվո երկիրը, որի շրջանակում չորս հայ և չորս արտասահմանցի ռեժիսոր Հայաստանում համատեղ կստեղծեն 4 կարճամետրաժ ֆիլմ, որոնք 2027 թվականին կներկայացվեն Կաննի կինոփառատոնում։

Նախաձեռնությունն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ Հայաստանի կինոռեժիսորների և պրոդյուսերների գիլդիայի համագործակցությամբ։

Երևանի 23-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում «Next Step Studio» միջազգային նախաձեռնության հիմնադիր Դոմինիկ Վելինսկին և Կաննի «Քննադատների շաբաթ» ծրագրի ներկայացուցիչ Ժուլիետ Քենոնը հրապարակել են մրցութային ընտրության արդյունքում ընտրված չորս հայ ռեժիսորների անունները։

Հայաստանից ծրագրին մասնակցելու համար ընտրվել են ռեժիսորներ Արմիկ Իսրայելյանը, Սոնա Խաչատրյանը, Րաֆֆի Մովսիսյանը և Նաիրա Սարգսյանը։ Հետագայում նրանք կմիանան չորս միջազգային ռեժիսորների և Հայաստանում համատեղ կստեղծեն չորս կարճամետրաժ ֆիլմ, որոնք 2027 թվականին կներկայացվեն Կաննի կինոփառատոնում։

Նախաձեռնությունը հայ կինոգործիչներին հնարավորություն կտա ոչ միայն ներկայացնելու իրենց ստեղծագործությունները, այլև միջազգային գործընկերներին ծանոթացնելու ապագա լիամետրաժ նախագծերին, զարգացնելու համատեղ արտադրությունները և նպաստելու հայկական կինոյի առաջխաղացմանը համաշխարհային շուկայում։

Ծրագիրը Հայաստանում ներառելու է մի քանի փուլ՝ սցենարների մշակում, աշխատանք միջազգային մասնագետների հետ, արտադրական նախապատրաստություն, նկարահանումներ, հետարտադրություն և ֆիլմերի ներկայացում։

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---