Ուսումնական հաստատություններ է ընդունվել 9620 դիմորդ

Ուսումնական հաստատություններ է ընդունվել 9620 դիմորդ

PanARMENIAN.Net - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ տեղի ունեցած Հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստում հաստատվել են բուհերի ընդունելության հիմնական փուլի նախնական արդյունքները:

ԳԹԿ տնօրեն Արմեն Փաշայանը ներկայացրել է ընդունելության նախնական տվյալները, որոնց համաձայն՝ 2026 թվականի բուհական ընդունելության համար Կառավարությունը տրամադրել է 12,720 տեղ, որոնցից 2133-ը՝ անվճար, իսկ 10,587-ը՝ վճարովի։ Բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվել է 9620 դիմորդ, որոնցից անվճար հիմունքներով, ներառյալ պահուստային և նպատակային տեղերը, ընդունվել է 1875 դիմորդ, իսկ վճարովի հիմունքներով՝ 7799 դիմորդ։

Արդեն երկրորդ տարին անընդմեջ Տավուշի մարզում կազմակերպվել են ընդունելության լրացուցիչ քննություններ այն դիմորդների համար, որոնց ուսուցումը 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարաններում ամբողջությամբ իրականացվել է նոր չափորոշիչներով։ Այս դիմորդները, միասնական ընդունելության քննություններից բացի, հնարավորություն են ունեցել հանձնելու նաև լրացուցիչ քննություն՝ նոր չափորոշչի շրջանակում, և, ըստ ԳԹԿ-ի, նրանց ցուցաբերած արդյունքները բարելավվել են նախորդ քննությունների համեմատ։

Հանրապետական ընդունող հանձնաժողովը քննարկել և հաստատել է բուհերի 2026-2027 ուսումնական տարվա բակալավրի կրթական ծրագրերով ընդունելության մրցույթի հիմնական փուլի արդյունքները՝ ըստ բուհերի և մասնագիտությունների։ Բացի այդ, քննարկվել և հաստատվել են նաև ազգային փոքրամասնություններին հատկացված արտոնյալ տեղերի մրցույթի արդյունքները։ Նշվել է, որ բուհերի ընդունելության արդյունքները հրապարակվելու են վաղը՝ հուլիսի 18-ին։

Ընդհանուր տվյալներին ծանոթանալուց հետո նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է միասնական քննությունների կազմակերպմանը, արդյունքների ամփոփման և հրապարակման ժամկետներին։ Նա նաև նշել է, որ զուգահեռաբար անհրաժեշտ է դիտարկել ընդունելության քննությունները էլեկտրոնային եղանակով անցկացնելու հնարավորությունը՝ հաշվի առնելով, որ հետագայում բուհերի դերն ընդունելության գործընթացում ընդլայնվելու է, իսկ բազմաթիվ բուհեր արդեն ունեն թվային հարթակների արդյունավետ կիրառման փորձ։ Նիստում քննարկվել են նաև թափուր տեղերի վերաբաշխման, ինչպես նաև ընդունելության գործընթացին վերաբերող մի շարք այլ հարցեր։

Նիստին մասնակցել են նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Բարձրագույն կրթության և գիտության նախագահ Սարգիս Հայոցյանը, Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Արմեն Փաշայանը, տնօրենի տեղակալ Կարո Նասիբյանը, ինչպես նաև բուհերի ռեկտորներն ու պրոռեկտորները։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---