Բաքվի վերաքննիչ դատարանում ավարտվել են հայ գերիների ելույթները

Բաքվի վերաքննիչ դատարանում ավարտվել են հայ գերիների ելույթները

PanARMENIAN.Net - Հուլիսի 17-ին Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է Արցախի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի, ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի, ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանի և մյուսների վերաքննիչ բողոքների քննությունը։

Սկզբում ելույթ է ունեցել շինծու գործով դատապարտված Մադաթ Բաբայանի պաշտպանը, որը դատարանից խնդրել է բեկանել 2026 թվականի փետրվարի 5-ի դատավճիռը և իր պաշտպանյալի նկատմամբ կայացնել արդարացման վճիռ, գրում է APA-ն:

Մադաթ Բաբայանը (ծնվ. 1952թ.) Արցախի Մարտակերտի շրջանի Գետավան գյուղի բնակիչ է։ 2023-ի սեպտեմբերին նա ձերբակալվել և գերեվարվել է ադրբեջանական զինված ուժերի կողմից։ 2026-ի փետրվարին Բաքվի դատարանի կողմից դատապարտվել է 19 տարվա ազատազրկման։

Այնուհետև ելույթ է ունեցել Մադաթ Բաբայանը՝ նշելով, որ համաձայն է իր պաշտպանի դիրքորոշմանը և իրեն մեղավոր չի ճանաչում։

Դրանից հետո խոսքը տրվել է Արայիկ Հարությունյանի պաշտպանին, որը դատարանին ներկայացրել է վերաքննիչ բողոքի հիմնավորումները։ Պաշտպանական կողմը, այդ թվում՝ Դավիթ Իշխանյանը, Լևոն Մնացականյանը և Դավիթ Մանուկյանը, ներկայացրել են մի շարք միջնորդություններ։

Այդպիսով մեղադրյալների, նրանց պաշտպանների և ներկայացուցիչների ելույթներն ավարտվել են:

Ընդմիջումից հետո դատական նիստը շարունակվել է, և հրապարակվել են որոշումները, որոնց համաձայն՝ ներկայացված միջնորդությունները բավարարվել են մասնակի։

Հաջորդ դատական նիստը նշանակվել է հուլիսի 21-ին։

Բաքվի ռազմական դատարանի 2026 թվականի փետրվարի 5-ի դատավճռով Արայիկ Հարությունյանը, Լևոն Մնացականյանը, Դավիթ Մանուկյանը, Դավիթ Իշխանյանը և Դավիթ Բաբայանը դատապարտվել են ցմահ ազատազրկման։

Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման, Մադաթ Բաբայանը և Մելիքսեթ Փաշայանը՝ 19 տարվա, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18 տարվա, Դավիթ Ալլահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16 տարվա, իսկ Վասիլի Բեգլարյանը, Գուրգեն Ստեփանյանը և Էրիկ Ղազարյանը՝ 15 տարվա ազատազրկման։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---