Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 5000-ը

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 5000-ը

PanARMENIAN.Net - Հունիսի 24-ի երեկոյան Վենեսուելայում տեղի ունեցած երկու երկրաշարժերի հետևանքով զոհվածների թիվը հասել է 5069-ի։ Այդ մասին ուրբաթ՝ հուլիսի 17-ին, իր Telegram ալիքում հայտնել է երկրի Ազգային ասամբլեայի նախագահ Խորխե Ռոդրիգեսը։ Վերջին տվյալներով՝ վիրավորվել է 16,740 մարդ, իսկ 17,907 մարդ մնացել է անօթևան։

Ռոդրիգեսի հրապարակումից հետևում է, որ որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում հաջողվել է հայտնաբերել 6462 մարդու։ Բժշկական օգնություն է ցուցաբերվել գրեթե 37 հազար տուժածի։ Ամբողջությամբ ավերվել է 190 շենք, իսկ ևս 856 օբյեկտ լուրջ վնասներ է ստացել, հայտնում է Deutsche Welle-ն:

Սկզբում երկրում տեղի է ունեցել 7․2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, իսկ մեկ րոպեից էլ քիչ անց՝ ևս մեկը՝ 7․5 մագնիտուդով։ Այս երևույթը կոչվում է «սեյսմիկ դուետ»։ Առաջին երկրաշարժի էպիկենտրոնը, որը տեղի է ունեցել հունիսի 24-ին տեղական ժամանակով մոտ 18:00-ին, գտնվել է երկրի կարիբյան ափին գտնվող Մորոն քաղաքից 28 կիլոմետր արևմուտք՝ Կարակասից մոտ 168 կիլոմետր հեռավորության վրա։ Օջախի խորությունը կազմել է 13 կմ։ Հաջորդ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Մորոնից 16 կմ հեռավորության վրա, իսկ օջախի խորությունը՝ 10 կմ։

Ռոդրիգեսի խոսքով՝ զոհերի մեծ մասը բաժին է ընկնում երկրի առափնյա շրջաններին։ Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած մարդիկ այժմ ստիպված են ապրել գերբնակեցված ճամբարներում, որոնցից շատերում բացակայում են ջրամատակարարումն ու անհրաժեշտ սանիտարական պայմանները, հայտնում է AFP գործակալությունը։

Երկրաշարժերի հետևանքների վերացման համար Վենեսուելայի իշխանությունները օգտագործել են Արժույթի միջազգային հիմնադրամում (ԱՄՀ) երկրի ռեսուրսներից 346 միլիոն ԱՄՆ դոլար։ Այդ մասին հայտնել է Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսը։

Հուլիսի 1-ին Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսը երկրաշարժերի զոհերի հիշատակին հայտարարել էր համազգային յոթօրյա սուգ։ Այն ուժի մեջ էր մտել նույն օրը՝ տեղական ժամանակով ժամը 18:00-ին։ Այդ պահին պաշտոնապես հաստատված զոհերի թիվը կազմում էր մոտ 2300 մարդ։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---