ԱՄՆ-ն և Իրանը յոթերորդ գիշերն անընդմեջ փոխադարձ հարվածներ են հասցնում

ԱՄՆ-ն և Իրանը յոթերորդ գիշերն անընդմեջ փոխադարձ հարվածներ են հասցնում

PanARMENIAN.Net - Հուլիսի 18-ի գիշերը (ԱՄՆ ժամանակով՝ հուլիսի 17-ին) ամերիկյան զինված ուժերը նոր հարվածներ են հասցրել Իրանի տարածքում գտնվող թիրախներին։ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) հայտարարության համաձայն՝ սա դարձել է հարվածների յոթերորդ անընդմեջ գիշերը այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանի հետ հրադադարի համաձայնագիրն այլևս ուժի մեջ չէ։

Ինչպես նախորդ դեպքերում, ամերիկյան կողմը հարվածները բացատրել է «գերագույն գլխավոր հրամանատարի ցուցումների համաձայն Իրանի ռազմական ներուժի հետագա թուլացման» նպատակով։ CENTCOM-ի հաղորդմամբ՝ թիրախավորվել են դիտարկման օբյեկտներ, ռազմական լոգիստիկ ենթակառուցվածքներ, զենքի ստորգետնյա պահեստներ և ռազմածովային ուժերի ենթակառուցվածքներ, գրում է BBC-ն:

Դրանից կարճ ժամանակ անց Իրանի պետական լրատվամիջոցները, որոնց վկայակոչել է Reuters-ը, հայտնել են, որ պայթյունների ձայներ են լսվել երկրի կենտրոնում գտնվող Յազդ քաղաքում, ինչպես նաև Քեշմ կղզում և Հորմուզի նեղուցի հարևանությամբ գտնվող Բանդար Աբաս նավահանգստում։

Իրանը նաև հայտարարել է, որ պատասխան հարվածներ է հասցրել Հորդանանում, Քուվեյթում, Բահրեյնում և Սաուդյան Արաբիայում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին։ Հորդանանի զինված ուժերը հայտնել են 10 իրանական հրթիռ խոցելու մասին։ Քուվեյթի բանակի սոցիալական ցանցերում տեղեկացվել է հակաօդային պաշտպանության համակարգերի աշխատանքի մասին։ AFP-ի փոխանցմամբ՝ Բահրեյնի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ ԱՄՆ ռազմածովային բազայի շրջակայքում օդային տագնապի ազդանշան է հնչել։

Բացի այդ, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի՝ ԱՄՆ-ի վերահսկողության տակ գտնվող հարավային երթուղով անցնելիս երկու նավթատար ականի վրա են պայթել։

Ավելի ուշ CENTCOM-ը հայտարարել է, որ «այս պնդումը, ինչպես նաև ԻՀՊԿ-ի հայտարարությունների մեծ մասը, կեղծ է»։

Հետագայում ԻՀՊԿ-ն հայտնել է, որ վերջին ժամերին նեղուցն անցնելու փորձ կատարած և «կանոնները խախտած» չորս նավ կանգնեցվել են հրթիռների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ իրականացված համատեղ գործողության ընթացքում։ Այլ աղբյուրներ նման միջադեպերի մասին չեն հաղորդել։

Իրանի պետական հեռուստատեսությունը նաև մեջբերել է ԻՀՊԿ-ի հայտարարությունը, ըստ որի՝ քանի դեռ չի դադարել ԱՄՆ-ի «ագրեսիան», այդ տարածաշրջանից անհնար կլինի արտահանել ոչ քիմիական պարարտանյութ, «ոչ մի կաթիլ նավթ և գազ», փոխանցել է Reuters-ը։

ԱՄՆ-ն և Իրանը արդեն մեկ շաբաթ է՝ գիշերային հարվածներ են փոխանակում, իսկ շաբաթ գիշերը դարձել է յոթերորդ անընդմեջը։ Հարվածների յոթերորդ ալիքից առաջ, Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Մոհսեն Ռեզային խոստացել է վերսկսել մարտական գործողությունները, եթե ամերիկյան հարձակումները շուտով չդադարեն։

«Եթե ԱՄՆ-ի կողմից հարվածները շարունակվեն ևս մի քանի օր, մենք կանցնենք լայնածավալ հարձակողական գործողությունների փուլին», -Reuters-ի փոխանցմամբ՝ պետական հեռուստատեսության եթերում հայտարարել է Ռեզային։

Հարվածների չորրորդ օրը՝ հուլիսի 15-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է արդեն հաջորդ շաբաթ հարվածներ հասցնել Իրանի կամուրջներին և էլեկտրակայաններին, եթե Թեհրանը չվերադառնա բանակցությունների սեղանի շուրջ՝ չնայած 1949 թվականի Ժնևյան կոնվենցիաները, որոնք կարգավորում են պատերազմի վարման կանոնները, արգելում են հարվածներ հասցնել քաղաքացիական բնակչության համար կենսական նշանակություն ունեցող օբյեկտներին։

Ի պատասխան՝ Իրանը դիմել է իր դաշնակիցներին՝ Եմենի հութիներին, խնդրելով պատրաստ լինել փակելու Կարմիր ծովով նավթատարների տարանցման երթուղին, եթե ԱՄՆ-ն հարվածներ հասցնի Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին, հաղորդել է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Նախօրեին Իրանի զինվորականները հայտարարել էին, որ ի պատասխան ԱՄՆ-ի հարվածների, իրենք հարվածներ են հասցրել Պարսից ծոցի շրջանում գտնվող մի շարք ամերիկյան ռազմական օբյեկտների՝ Քուվեյթում, Բահրեյնում, Հորդանանում և Սիրիայում։ Սիրիայի ուղղությամբ հարվածների մասին Թեհրանը նախկինում չէր հայտարարել, իսկ ԱՄՆ-ն հետագայում հերքել է Սիրիային հարվածներ հասցնելու մասին տեղեկությունները։

Քուվեյթի իշխանությունների ներկայացուցիչները հաստատել են հերթական հարձակումը և հայտնել, որ իրանական անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով մի քանի քուվեյթցի զինծառայողներ տուժել են։ Վնասվել են նաև էլեկտրակայանն ու ջրի աղազերծման կայանքները։

Անցած շաբաթ, ինչպես CBS News-ին հայտնել էին ամերիկյան աղբյուրները, Իրանի հարձակումների հետևանքով Հորդանանում գտնվող երկու ռազմական բազաներում մի քանի ամերիկացի զինծառայողներ վիրավորվել են։

Միաժամանակ Վաշինգտոնը հերքել է Թեհրանի հայտարարությունը, թե ամերիկյան զորքերը հարվածներ են հասցրել Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքներին, այդ թվում՝ հինգ կամրջի, երկաթուղային կայարանի և օդանավակայանի։ Միևնույն ժամանակ Հորմոզգան նահանգի իշխանությունները հայտարարել են, որ այդ շրջանում հարվածների հետևանքով զոհվել է յոթ մարդ։

BBC Verify և BBC Persian ծառայությունները հաստատել են Գարիվե կամրջի վնասվածքը պատկերող տեսանյութերի իսկությունը։ Նախորդ գիշերը նկարահանված կադրերում կամրջի վերևում երևում է հրե գունդ, իսկ ավելի ուշ՝ ցերեկային լուսանկարներում, տեսանելի են ճանապարհի ավերված հատվածն ու վնասված կամուրջը։

Սպիտակ տան ներկայացուցիչը BBC-ին հայտնել է, որ ԱՄՆ-ն «հարվածներ է հասցրել բացառապես ռազմական թիրախներին, այդ թվում՝ ռազմական լոգիստիկ ենթակառուցվածքներին»։

Photo. Getty Images
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---