Փաշինյան․ Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կշարունակենք զարգացնել ՀՀ-Լիտվա փոխգործակցային օրակարգը![]() 18 հուլիսի 2026 - 14:59 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մինդաուգաս Սինկյավիչյուսին՝ Լիտվայի վարչապետի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ։ Նա հույս է հայտնել, որ ՀՀ-ն ու Լիտվան համատեղ ջանքերով կշարունակեն առավել զարգացնել և ընդլայնել փոխգործակցային օրակարգը: «Ջերմորեն շնորհավորում եմ Լիտվայի վարչապետի պաշտոնում նշանակվելու առիթով: Համոզված եմ, որ այս պատասխանատու ժամանակահատվածում Ձեր ղեկավարած կառավարությանը կհաջողվի Լիտվան առաջնորդել անվտանգության, կայունության և բարգավաճման ճանապարհով: Ընդհանուր արժեքների վրա հիմնված՝ մեր երկու ժողովուրդների բարեկամությունն ամուր հիմք է Հայաստանի և Լիտվայի միջև բազմոլորտ փոխգործակցության ընդլայնման համար»,-ասվում է ուղերձում: Փաշինյանը շեշտել է, որ Լիտվան 1991 թվականին առաջինն էր, որ ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը, և այդ ժամանակից ի վեր երկրների միջև ձևավորվել է ամուր համագործակցություն, որը որակապես նոր մակարդակի բարձրացավ 2026 թվականի մայիսի 19-ին Երևանում ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության և Լիտվայի Հանրապետության միջև ռազմավարական գործընկերության մասին» համատեղ հռչակագրով: «Մենք բարձր ենք գնահատում Հայաստանում իրականացվող բարեփոխումներին և հատկապես Հայաստան–Եվրոպական միություն գործընկերության խորացմանը ցուցաբերվող՝ Լիտվայի շարունակական և անվերապահ աջակցությունը: Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կշարունակենք առավել զարգացնել և ընդլայնել մեր փոխգործակցային օրակարգը՝ ի բարօրություն երկու երկրների: Մաղթում եմ Ձեզ արգասաբեր գործունեություն, իսկ Լիտվայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»,- նշված է շնորհավորական ուղերձում: Լիտվայի խորհրդարանը հունիսի 30-ին երկրի վարչապետի պաշտոնում հաստատել է Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Մինդաուգաս Սինկյավիչյուսին։ Նրա թեկնածությանը կողմ է քվեարկել 80 պատգամավոր, 28 խորհրդարանական ձեռնպահ է մնացել, երկուսն էլ դեմ են արտահայտվել։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |