Հայտնի են «Ոսկե ծիրանի» մրցանակակիրները

Հայտնի են «Ոսկե ծիրանի» մրցանակակիրները

PanARMENIAN.Net - Երևանի 23-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն ավարտվել է՝ ժյուրին հայտարարել է մրցանակակիրների անունները։

Միջազգային լիամետրաժ ֆիլմերի մրցույթում փառատոնի գլխավոր մրցանակը՝ «Ոսկե ծիրանը», շնորհվել է Մելագրոս Մումենթալերի «Հոսանքներ» (The Currents) ֆիլմին։ «Արծաթե ծիրանը» ստացել է Մորթեզա Ահմադվանդի և Ֆիրուզե Խոսրովանի «Անցյալ․ ապառնի․ շարունակական» (Past, Future, Continuous) ֆիլմը, իսկ Սեբաստիան Բրամեսհուբերի «Լոնդոն» (London) ֆիլմն արժանացել է միջազգային ժյուրիի հատուկ հիշատակման, հայտնում է Արմենպրեսը:

Տարածաշրջանային մրցույթում «Ոսկե ծիրանը» շնորհվել է Ամիր Ազիզիի «Ամիրի հոգում» (Inside Amir) ֆիլմին, իսկ «Արծաթե ծիրանը»՝ Ալեքսանդրե Քոբերիձեի «Չորացած տերև» (Dry Leaf) ֆիլմին։ «Չորացած տերևը» նաև արժանացել է FIPRESCI մրցանակին, որը շնորհվում է Կինոմամուլի միջազգային ֆեդերացիայի կողմից։

Կարճամետրաժ ֆիլմերին նվիրված «Կորիզ» մրցույթում «Ոսկե ծիրանը» շնորհվել է Սերուժ Հովսեփյանի «Մենավոր երկխոսություններ» (Dialogues Solitaire) ֆիլմին։ Վերջինս արժանացել է նաև Գենադի Մելքոնյանի անվան հատուկ մրցանակին։ Անվանակարգում «Արծաթե ծիրան» ստացել է Օվսաննա Գևորգյանի «Վարձու սգավորներ» (Paid Mourners) ֆիլմը։

Ժյուրին հատուկ հիշատակումներ է շնորհել նաև Սոնա Խաչատրյանի «Ռելիքվիա» (Relic) և Արթուր Սահակյանի «Մենակ երկուսով» (Together Alone) ֆիլմերին։ Բացի այդ, Թերեզա Նվոտովայի «Հայրը» ֆիլմն արժանացել է Հայաստանում և Վրաստանում տարածման մրցանակին, որը ներառում է 6000 եվրոյի դրամական աջակցություն՝ ֆիլմի տարածաշրջանային տարածումն ապահովելու նպատակով։

Արարողության ընթացքում փառատոնի «Փարաջանովյան թալեր» մրցանակը հանձնվել է տարածաշրջանային մրցույթի ժյուրիի նախագահ Մահմուդ Քալարիին։ Փառատոնի «Վարպետ» մրցանակը հանձնվել է Հոլիվուդի ամենահեռանկարային պրոդյուսերներից մեկին՝ Սև Օհանյանին։

Կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանն ասել է, որ փառատոնային յոթ օրվա ընթացքում տեղի են ունեցել բազմաթիվ նշանակալի իրադարձություններ․ կազմակերպվել են ուշագրավ ֆիլմերի պրեմիերաներ, անցկացվել են վարպետության դասեր և այլ միջոցառումներ։

Ավետիսյանը հորդորել է բուռն ծափահարություններով ողջունել ֆրանսահայ նշանավոր դերասան, ռեժիսոր Սիմոն Աբգարյանին, որի գլխավոր դերակատարմամբ «Դը Գոլի մարտը» և «Դը Գոլ. ազատություն» ֆիլմերը ցուցադրվել են կինոփառատոնի ընթացքում, ինչպես նաև ականավոր ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, «Ոսկե ծիրանի» «Փարաջանովյան թալերի» դափնեկիր Ռոման Բալայանին, որն այս տարի տոնում է 85-ամյակը, և ամերիկահայ պրոդյուսեր Սև Օհանյանին, որի «Մեղսավորները» ֆիլմը չորս «Օսկարի» և «Ոսկե գլոբուսի» մրցանակակիր է։

«Մեզ համար շատ կարևոր են այն արվեստագետները, որոնց ոչ միայն հայկական ծագմանն ենք անդրադառնում և հպարտանում նրանցով, այլև արժևորում ենք այն կապը, որը նրանք ունեն Հայաստանի հետ: «Ոսկե ծիրանը» լավ առիթ է անդրադառնալու մի վարպետի, որը, չնայած դեռ չի բոլորել իր կյանքի չորրորդ տասնամյակը, այնպիսի հրաշալի հետագիծ է ձևավորել համաշխարհային կինոարվեստում, որ մեզ համար դա ապշեցուցիչ է: Ներկայիս գործող պրոդյուսերը մեր հայրենակից Սև Օհանյանն է, որի «Մեղսավորները» ֆիլմը ներկայացվել է «Օսկարի» ռեկորդային 16 անվանակարգում և հաղթել չորսում: Մինչ այդ նա կինոյի ասպարեզում բազմաթիվ փորձարարություններ է արել և հասել է բազմամիլիոն բյուջեով ֆիլմերի»,-ասել է Ավետիսյանն ու «Ոսկե ծիրանի» «Վարպետ» մրցանակը հանձնեց Օհանյանին:

Մրցանակը ստանալիս Օհանյանը մի քիչ հայերեն է խոսել, մի քիչ էլ՝ անգլերեն։ Նա նախապես պատրաստել է շնորհակալական խոսքը, որն ընթերցել է հայերենով։ «Շատ շնորհակալ եմ այս մրցանակի համար: Ես շատ բախտավոր եմ իմ գործում: Եղել եմ տարբեր երկրներում և մեծ բեմերում եմ մրցանակներ ստացել, բայց ի սրտե եմ ասում, որ իմ ֆիլմի պրեմիերան Հայաստանում կազմակերպելն ու այս մրցանակը ստանալն ինձ համար ավելի մեծ արժեք ունեն: Ես կինոարտադրող եմ, բայց ավելի կարևոր է այն, որ հայ եմ: Ճշմարտությունն այն է, որ իմ կինոարտադրող լինելու միակ պատճառն այն է, որ ես հայ եմ»,-ասել է պրոդյուսերն ու հիշեցրեց, որ շատ տարիներ առաջ նկարահանել է իր առաջին ֆիլմը՝ «Իմ մեծ, չաղ հայկական ընտանիքը»:

Նա ընդգծել է, որ ֆիլմի թե՛ ռեժիսորն է եղել, թե՛ սցենարիստը, թե՛ պրոդյուսերը։ Միայն դիմահարդար է ունեցել, սակայն նա թողել է աշխատանքը, և այդ գործն էլ է Օհանյանն արել։ Նրա խոսքով՝ դա արել է հաճույքի համար և անգամ չի երազել կինոարտադրող դառնալու մասին։

«Այդ ժամանակ մի անհավանական բան տեղի ունեցավ. աշխարհի բոլոր հայերն ասես գրկեցին ինձ: ԱՄՆ-ի հայկական համայնքի ներկայացուցիչները տոմսեր գնեցին և եկան ֆիլմը դիտելու, իսկ այլ երկրների հայերը, այդ թվում՝ Հայաստանի, ֆիլմի DVD-ները պատվիրեցին: Այդ օժանդակությունը հնարավորություն տվեց հավատալ ինքս ինձ, իմ ուժերին, և այժմ ես եմ ձգտում փոխադարձել դա և հայ կինոարտադրողների նոր սերնդին աջակցել և նպաստել նրանց առաջխաղացմանը Հոլիվուդում: Այդպես են արել նաև Հոլիվուդում համբավ ունեցող Ռուբեն Մամուլյանը, Ատոմ Էգոյանը, Արսինե Խանջյանը, Էրիկ Պողոսյանը և այլք»,-ասել է Սև Օհանյանն ու շնորհակալություն հայտնեց «Ոսկե ծիրանի» հիմնադիրներին իրեն տոն նվիրելու համար՝ նշելով, որ այս մրցանակն իր համար տուն է:

Փառատոնն ավարտվել է Գոդֆրի Ռեջոյի «Ժուկով-ժամանակին» ֆիլմի ցուցադրությամբ։

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---