Անհետ կորածների հարազատներ․ Կգնանք Հակարի կամուրջ

Անհետ կորածների հարազատներ․ Կգնանք Հակարի կամուրջ

PanARMENIAN.Net - Արցախյան պատերազմներում անհետ կորածների հարազատները կրկին հավաքվել էին ՀՀ կառավարության շենքի դիմաց։ Նրանք հայտարարել են, որ իշխանություններին մեկ շաբաթ ժամանակ են տալիս իրենց հարազատների ճակատագրի վերաբերյալ որևէ տեղեկություն ներկայացնելու համար։

Նրանք հայտարարել են, որ հակառակ դեպքում կգնան մինչև Տեղ գյուղ, իսկ այնտեղից էլ քայլերթով դեպի Հակարի կամուրջ, հայտնում է Sputnik Արմենիա:

«Մեծահոգաբար տալիս ենք 1 շաբաթ ժամանակ, եթե որևէ տեղեկություն չլինի, ապա գործի կդնենք մեր խողովակները։ Ադրբեջանում էլ կան մարդիկ, որ նույն մեր կարգավիճակում են, մենք կփորձենք իրենց հետ փոխադարձ աշխատանքի համար խողովակներ գտնել։ Մեր ուժերով կհետաքրքրվենք իրենց անհետ կորածների ճակատագրերով, իրենք էլ` այնտեղ։ Այդ երեխաների ճակատագրերն անվերջ անորոշ չեն կարող լինել։ Այն անձինք, որոնք գիտեն 1990-ականներից սկսած ադրբեջանցիների թաղված տեղեր, թող մեզ հետ կապ հաստատեն, որպեսզի ընդհանուր բազա ունենանք»,– լրագրողների հետ զրույցում ասել է անհետ կորած զինծառայող Սարգիս Ղուկասյանի հորեղբայր Արսեն Ղուկասյանը։

Նրա խոսքով՝ նման դեպք արդեն եղել է, երբ մի սպա իրեն տարել է և քարտեզի վրա ցույց տվել այն վայրը, որտեղ թաղված է ադրբեջանցի զինվորական։ Ղուկասյանը նշել է, որ տեղեկություն չունի՝ արդյոք ՀՀ իշխանություններն այդ տվյալները փոխանցել են ադրբեջանական կողմին, թե ոչ։

«Մենք ավտոերթով կգնանք մինչև Տեղ գյուղ, իսկ այնտեղից էլ քայլերթով դեպի Հակարիի կամուրջ չնայած նրան, որ մեզանից շատերն առողջական խնդիրներ ունեն։ Մի բան կարող ենք հստակ ասել` այսպես ալևս հնարավոր չէ ապրել, որևէ պետական կամ միջազգային կառույցից այլևս հույս չունենք։ Մենք պետք է զբաղվենք մեր երեխաների հարցով, իրանց по жизни պետք չէ»,– ասել է Ղուկասյանը։

44-օրյա պատերազմի ընթացքում անհետ կորած զինծառայողների հարազատները պարբերաբար բողոքի ակցիաներ են անցկացրել՝ պահանջելով հրապարակել պատերազմի հանգամանքներն ուսումնասիրած քննիչ հանձնաժողովի զեկույցը։ Նրանց խոսքով՝ տարիներ շարունակ սպասել են պատասխանների, սակայն մինչ այժմ հստակ տեղեկություններ չեն ստացել պատերազմի պատճառների և պատասխանատուների վերաբերյալ։ Ակցիայի մասնակիցների պահանջը մնում է անփոփոխ՝ հրապարակել ամբողջական զեկույցը և բացահայտել տեղի ունեցածը։

Պաշտոնական տվյալների համաձայն՝ 1988-2005 թվականներին հայկական կողմից անհետ կորել է 437 մարդ, որոնցից 224-ը զինծառայող, իսկ 213-ը՝ խաղաղ բնակիչ։ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում անհետ կորած է համարվում 191 մարդ։ 2023 թվականի սեպտեմբերին, Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայից անմիջապես հետո, Ստեփանակերտի նավթամթերքի պահեստում տեղի ունեցած պայթյունից հետո անհետ կորած է համարվում ևս 22 մարդ։

 Ուշագրավ
---