ՄԱԿ-ի փորձագետները 8 հարց են բարձրացրել «Սրբազան պայքարի» գործով, ՀՀ-ն պատասխանել է

ՄԱԿ-ի փորձագետները 8 հարց են բարձրացրել «Սրբազան պայքարի» գործով, ՀՀ-ն պատասխանել է

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ը հրապարակել է Հայաստանի կառավարության և ՄԱԿ-ի վեց հատուկ մանդատակիրների միջև պաշտոնական նամակագրությունը՝ «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և նրա աջակիցների գործի վերաբերյալ:

Նրանք Հայաստանից պահանջել են պատասխանել 8 հիմնական հարցի՝ ոստիկանության կողմից ենթադրյալ չափազանց ուժի կիրառման, ձերբակալությունների, մեղադրանք առաջադրելու փաստական ​​և իրավական հիմքերի, «Սրբազան պայքար»-ի անդամների դեմ ուղղված մեղադրանքների՝ ահաբեկչության սահմանմանը համապատասխանության, ինչպես են անդամների նկատմամբ կիրառվող վարչական սահմանափակումները միջազգային իրավունքին համապատասխանության վերաբերյալ, հայտնում է Factor.am-ը:

Հայաստանի կառավարությանը մայիսի 11-ին ուղարկված փաստաթղթում նշվել է, որ փորձագետները ցանկանում են կառավարության ուշադրությանը ներկայացնել իրենց ստացած տեղեկությունները՝ ուժի ենթադրյալ անհամաչափ կիրառման, հակաահաբեկչական և ազգային անվտանգության վերաբերյալ մեղադրանքների հնարավոր չարաշահման, ինչպես նաև «Սրբազան պայքար» անունով հայտնի շարժման անդամների և աջակիցների նկատմամբ 2025 թվականի մայիսից կիրառված վարչական սահմանափակումների վերաբերյալ։ Նրանք մտահոգություն են հայտնել, որ ձեռնարկված միջոցները, ըստ ստացված տեղեկությունների, կարող են չհամապատասխանել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի միջազգային պարտավորություններին։

Փաստաթղթում նշվել է, որ 2024 թվականի ապրիլից մինչև հունիս անցկացված խաղաղ բողոքի ակցիաները, ըստ ներկայացված տեղեկությունների, ուղեկցվել են կամայական ձերբակալություններով և ոստիկանական բռնությամբ, այդ թվում՝ «լուսարձակների» կիրառմամբ, ինչի հետևանքով 2024 թվականի հունիսի 12-ին վնասվածքներ են ստացել առնվազն 83 ցուցարար և 8 լրագրող։

Նշվել է նաև, որ ցուցարարները խորհրդարանական անվստահության քվեարկության միջոցով փորձել են հասնել վարչապետի հրաժարականին, սակայն այդ նախաձեռնությունը հաջողություն չի ունեցել։ Թեև ժամանակի ընթացքում խաղաղ բողոքի ակցիաները դադարել են, «Սրբազան պայքարը» շարունակել է պահպանել քաղաքական ակտիվությունը։

Փաստաթղթում նաև նշվել է, որ 2025 թվականի հունիսին ՀՀ վարչապետը և Քննչական կոմիտեն հայտարարել են, թե ունեն ապացույցներ շարժման և Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կողմից իշխանությունը ահաբեկչության միջոցով հակասահմանադրական ճանապարհով զավթելու ծրագրի վերաբերյալ։

Փորձագետների գնահատմամբ՝ 2025 թվականի մայիսից «Սրբազան պայքարի» նկատմամբ իրականացված գործողությունները կարող են լինել իշխանությունների կողմից այլախոհության ճնշման ավելի լայն քաղաքականության մաս՝ ուղղված ընդդիմադիր խմբերի, հասարակական գործիչների, քաղաքական կուսակցությունների և Հայ Առաքելական եկեղեցու դեմ։ Փաստաթղթում նշվել է, որ այդ գործընթացը, ըստ ներկայացված տեղեկությունների, ներառում է իրավապահ մարմինների լիազորությունների հնարավոր չարաշահում, քաղաքական դրդապատճառներով հետապնդումներ, հակաահաբեկչական օրենսդրության կիրառում, ինչպես նաև քննադատներին խարանելու նպատակով իրականացվող համակարգված քարոզչություն։ Անդրադարձ է կատարվել նաև իշխանությունների կողմից եկեղեցու՝ քաղաքական գործընթացներում ներգրավված լինելու վերաբերյալ քննադատությանը։

Նամակի հեղինակները նշել են, որ եթե ներկայացված պնդումները հաստատվեն, դրանք կարող են հակասել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին։

Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը ներկայացրել է 31 էջից բաղկացած պաշտոնական պատասխան։

Դրանում նշվել է, որ Հայաստանը շարունակում է վճռականորեն հավատարիմ մնալ այն սկզբունքին, որ բոլոր քրեական հետաքննությունները պետք է իրականացվեն օրենքի գերակայության և օրենսդրական պահանջների խիստ պահպանմամբ։ Ըստ պատասխանի՝ ազգային օրենսդրությանը համապատասխան յուրաքանչյուր դատավարական գործողություն կոչված է պաշտպանելու ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված հիմնարար իրավունքները և ապահովելու արդար դատավարություն բոլոր մասնակիցների համար։

Պատասխանում նաև նշվել է, որ փորձագետների մի շարք հարցեր հիմնված են այնպիսի պնդումների վրա, որոնց առկայությունը դեռևս հաստատված չէ և որոնք շարունակում են քննվել ընթացիկ հետաքննությունների և դատական վարույթների շրջանակում՝ պատշաճ դատավարության սկզբունքների պահպանմամբ։

«Մեր գործառնական շրջանակներում միջազգային լավագույն փորձը ներառելով՝ մենք ամրապնդել ենք հետաքննչական գործընթացի թափանցիկությունը, կանխատեսելիությունը և ամբողջականությունը։ Պատասխանում նշվում է նաև, որ քրեական մեղադրանքները չեն վերաբերում մեղադրյալների քաղաքական, կրոնական կամ գաղափարախոսական հայացքներին, ինչպես նաև նրանց մասնակցությանը խաղաղ հավաքներին, հանրային քննարկումներին կամ օրինական քաղաքական գործունեությանը։ Քրեական հետապնդման հարուցումը հիմնված էր միայն այն ապացույցների վրա, որոնք, ենթադրաբար, վկայում էին սահմանադրական կարգի դեմ բռնի քրեական հանցագործությունների նախապատրաստման մասին»,- ասվում է փաստաթղթում։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---