Քննչական գործողություններ են իրականացվել «Առինջ մոլում», մի շարք տաղավարների աշխատանքը կասեցվել է

Քննչական գործողություններ են իրականացվել «Առինջ մոլում», մի շարք տաղավարների աշխատանքը կասեցվել է

PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում վաղ առավոտից իրականացվել են քննչական գործողություններб որոնց արդյունքում 10-15 տաղավարի գործունեությունը կասեցվել է։ Այդ մասին հայտնել է Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը․ տեղեկացնում է Sputnik Արմենիան:

Ավելի վաղ aysor.am-ը հայտնել էր, որ հարկային մարմինները ստուգումներ են իրականացնում «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում։ Նշվել էր նաև, որ առևտրականները ահազանգել են՝ ստուգումները սկսվել են վաղ առավոտից, ինչի հետևանքով չեն կարողանում աշխատել իրենց տաղավարներում։

«Քննչական մարմինները վաղ առավոտից զննություն են իրականացրել, և 10-15 տաղավարի գործունեություն կասեցվել է։ Ընդհանուր առմամբ «Առինջ մոլի» գործունեությունը չի դադարեցվել, և աշխատանքն այնտեղ շարունակվում է։ Այն տաղավարները, որոնց գործունեությունը դադարեցվել է, հիմնականում զբաղվում են շինարարական ապրանքների առուվաճառքով, ինչպես նաև ինտերիեր դիզայնի ուղղվածություն ունեն»,– ասել է Տոնոյանը։

Նրա խոսքով՝ տաղավարների գործունեության կասեցման հիմնավորման մեջ նշվել է, թե դրանք գործում են բարձր լարման հոսանքագծերի տարածքում։ Տոնոյանը հավելել է, որ փաստաբաններն արդեն զբաղվում են այդ հարցով և ներկայացնում են համապատասխան հիմնավորումները։

«Առինջ մոլում» հարկային ստուգումներ են իրականացվել մի քանի օր առաջ տարբեր տաղավարներում, հիմա էլ հենց այդ տաղավարների վերաբերյալ են գործողությունները կատարվել»,– նշել է Տոնոյանը։

Նա նաև հայտնել է, որ մի քանի օր առաջ գործողություններ են իրականացվել նաև «Առինջ մոլի» հարևանությամբ գործող ոսկու շուկայում, սակայն ներկայում այն ևս շարունակում է բնականոն աշխատանքը։

Հուլիսի 6-ին հայտնի էր դարձել, որ իրավապահները մուտք են գործել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատուն, ինչպես նաև նրան պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գործող ձեռնարկություններ, որտեղ իրականացվել են խուզարկություններ։ Այդ օրվանից ընկերությունների դռները կապարակնքվել են, իսկ գործունեությունը դադարեցվել է։

Հուլիսի 16-ին հայտնի էր դարձել, որ «Արարատցեմենտը» հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը, «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանի տնօրինությանը, իսկ դատախազությունը պահանջում է Գագիկ Ծառուկյանից բռնագանձել 75 անշարժ գույք և mwt 106 միլիարդ դրամ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավի ընթացքում հայտարարել էր, որ շուտով Գագիկ Ծառուկյանի բիզնեսի «ողնաշարը»՝ Արարատի ցեմենտի գործարանը, կդառնա պետական սեփականություն։

 Ուշագրավ
---