Ավարտվել է Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդի օտարման գործով նախաքննությունը![]() 20 հուլիսի 2026 - 18:51 AMT PanARMENIAN.Net - Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Ս.Ս.-ի (Սերժ Սարգսյանի՝ խմբ․) կողմից Գյումրի քաղաքի Սև բերդ ամրոցի օտարման դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Քրեական վարույթի նախաքննության ընթացքում, ըստ ՔԿ-ի, ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ, համաձայն որոնց՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Ս.Ս.-ն 2005 թվականի մայիսի 11-ին անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով, ուղղակի վաճառքի եղանակով, 22 մլն 951 հազար 500 դրամով ֆիզիկական անձի է օտարել հանրապետական նշանակության պատմության և մշակույթի անշարժ հուշարձան հանդիսացող Գյումրի քաղաքի 626.45 քմ մակերեսով Սև բերդ ամրոցը և դրա օգտագործման համար նախատեսված 0.7 հեկտար հողամասը, ինչը, ըստ ՔԿ-ի, չի բխել ՀՀ կառավարության որոշումներից և դրանցով նախատեսված չի եղել։ Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ այդ գործողությունների հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ, մասնավորապես՝ պետությունը կորցրել է հանրապետական նշանակության պատմամշակութային արժեքի նկատմամբ սեփականության իրավունքը, և այն չի ընդգրկվել 2007 թվականի մարտի 15-ի թիվ 385-Ն՝ ՀՀ պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին կառավարության որոշման հավելվածներում։ Նախաքննության ընթացքում հսկող դատախազի որոշմամբ Ս.Ս.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով՝ պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու կամ լիազորություններն անցնելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է այլ ծանր հետևանք։ Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։ Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |