ԱԱԾ-ն փուլային տարբերակով կստանձնի հայ-ադրբեջանական սահմանի պահպանությունը![]() 21 հուլիսի 2026 - 10:28 AMT PanARMENIAN.Net - ԱԱԾ սահմանապահ զորքերը նախատեսում են փուլային տարբերակով պաշտպանության նախարարությունից ընդունել հայ-ադրբեջանական պետական սահմանի ամբողջ հատվածի պահպանությունը։ Այդ գործընթացն իրականացնելու նպատակով նախատեսվում է ավելացնել սահմանապահ զորքերի անձնակազմը, ներդնել ծառայության համալրման նոր մեխանիզմներ և փոփոխել ԱԱԾ համակարգում ծառայության մի շարք պայմաններ։ Այդ մասին ասվում է ԱԱԾ-ի մշակած օրենսդրական փոփոխությունների փաթեթի հիմնավորման մեջ։ Առաջարկվում է ԱԱԾ համակարգում ևս ներդնել «Պատիվ ունեմ» ծրագիրը, հայտնում է Factor.am-ը: Փաթեթն ընդգրկել է փոփոխություններ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին», «Ազգային անվտանգության մարմինների մասին», «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ու «Սահմանապահ զորքերի մասին» օրենքներում։ «Պատիվ ունեմ» ծրագրի ներդրումը հնարավորություն կտա նպատակային ուսումնառության համար տարկետում ստացած և ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցած քաղաքացիներին ուսումն ավարտելուց հետո պարտադիր ծառայության փոխարեն պայմանագրային զինվորական ծառայության ներգրավել ԱԱԾ-ում։ Նախատեսվում է նաև սահմանապահ զորքերում տարածել «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շրջանակում գործող որոշ կարգավորումներ։ Ուսումնական փուլն ավարտած պայմանագրային զինծառայողները քննությունների արդյունքներով կհամարվեն ատեստավորված, եթե նշանակվեն ստացած մասնագիտությանը համապատասխան պաշտոնի։ Նույն մոտեցումը կգործի նաև Հայաստանի ռազմաուսումնական հաստատություններն ավարտած և սպայական պաշտոնի նշանակված ծառայողների համար։ Պաշտպանության նախարարության հետ համագործակցությամբ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում 2023-2024 ուսումնական տարվանից իրականացվել է սահմանապահ ստորաբաժանումների կառավարման մասնագիտությամբ քառամյա բակալավրի ծրագիր։ Առաջին երկու ուսումնական տարիներին ծրագրով նախատեսվել է տարեկան 10, իսկ 2025-2026 ուսումնական տարում՝ 20 տեղ։ Ըստ նախագծի հիմնավորման՝ այդ մասնագիտությամբ սովորելու համար արդեն ստացվել է 46 դիմում։ Փոփոխությունների փաթեթով առաջարկվում է նաև ավագ սպայական կազմի ծառայողների համար սահմանված առավելագույն տարիքը 52-ից բարձրացնել մինչև 55 տարեկան, իսկ հերթական արձակուրդը թույլատրել բաժանել երեք մասի՝ ներկայիս երկուսի փոխարեն։ Կին ծառայողների համար նախատեսվում է հղիության և ծննդաբերության արձակուրդը հաշվարկել հերթական զինվորական կոչումը կրելու ժամկետում։ Նախագծի հեղինակների գնահատմամբ՝ ներկայում Պաշտպանության նախարարության և ԱԱԾ համակարգերի կին ծառայողների նկատմամբ գործում են տարբեր մոտեցումներ, որոնք առաջարկվել է միասնականացնել։ Նախագծերով սահմանվել են նաև ԱԱԾ աշխատակիցների կողմից ֆիզիկական ուժի, զենքի և հատուկ միջոցների կիրառման հիմքերը, պայմաններն ու կարգը։ Գործող օրենքն աշխատակիցներին տվել է այդ միջոցները կիրառելու իրավունք, սակայն, ըստ հիմնավորման, բավարար չափով չի հստակեցրել դրանց կիրառման դեպքերն ու սահմանները։ ԱԱԾ տնօրինությանը նախատեսվում է վերապահել սահմանապահ զորքերի զինվորական համազգեստի և տարբերանշանների ձևերը, նկարագրությունն ու կրման կանոնները հաստատելու իրավասությունը, որն այժմ վերապահված է վարչապետին և Կառավարությանը։ Նախագծով նախատեսվում է նաև հստակեցնել պետական սահմանի պահպանության ընթացքում տեսանկարահանող տեխնիկական միջոցների կիրառումը։ Օրենսդրական փաթեթի ընդունումից հետո պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխությունների անհրաժեշտություն կառաջանա։ Կոնկրետ հաշվարկները, ըստ հիմնավորման, կներկայացվեն նախագծերից բխող ենթաօրենսդրական ակտերի մշակման ընթացքում։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |