6.7 մլն դրամի համակարգչային հափշտակության գործի նախաքննությունն ավարտվել է

6.7 մլն դրամի համակարգչային հափշտակության գործի նախաքննությունն ավարտվել է

PanARMENIAN.Net - ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը՝ մեկ անձի մասով։

Նախաքննության ընթացքում ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ Խ․Մ․-ն, տեղեկանալով ընկերության էլեկտրոնային հավելվածի միջոցով հաշիվների միջև փոխանցումներ կատարելիս հաշվի մնացորդի ստուգման գործառույթը չիրականացնելու տեխնիկական խոտանի մասին, ուրիշի գույքը հափշտակելու ուղղակի դիտավորությամբ, 2024 թվականի մարտի 30-ից ապրիլի 8-ն ընկած ժամանակահատվածում, ապօրինի՝ առանց օրենքով, պայմանագրով կամ իրավաչափ այլ հիմքով նախատեսված թույլտվության, համակարգչային համակարգում՝ իր անվամբ բացված բանկային հաշվում, մուտքագրել է իբր առկա տարբեր չափերի գումարներ դեպի ընկերության իր հաշվեհամար փոխանցելու վերաբերյալ տվյալներ։

Այնուհետև, նշված տեխնիկական խոտանի հետևանքով, ընկերության իր էլեկտրոնային դրամապանակի և իր անվամբ բացված հաշվեհամարի հաշվեկշռին գեներացվել է առանձնապես խոշոր չափերով՝ 6 մլն 714 հազար դրամ, որը հափշտակվել է՝ այն այլ բանկային քարտերի փոխանցելու եղանակով։

Խ.Մ.-ի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---