Վարդևանյան․ Այս քաղաքական թատրոնն ուղղված է բացառապես Նարեկ Կարապետյանի գործունեությանն ԱԺ-ում միջամտելուն![]() 22 հուլիսի 2026 - 15:16 AMT PanARMENIAN.Net - «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդևանյանը ԿԸՀ դիմաց լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստանի» կազմում ԱԺ պատգամավոր ընտրված Նարեկ Կարապետյանին առնչվող միջնորդության քննությունը ԿԸՀ-ում քաղաքական թատրոնն է, որն ուղղված է բացառապես Կարապետյանի գործունեությանն ԱԺ-ում միջամտելուն: Հուլիսի 21-ին արտահերթ նիստում ԿԸՀ-ն սկսել է քննարկել դատախազության միջնորդությունը՝ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ։ «Երեկ մենք, կարելի է ասել, ունեցանք մի իրավիճակ, որ ՀՀ-ում ես երբևէ չէի տեսել։ Այսինքն, ԿԸՀ-ն արձանագրում է, որ պատգամավորի թեկնածուն այլևս ունի պատգամավորի կարգավիճակ, և այդ պայմաններում անկախ հանգամանքից իրականացնում է քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու միջնորդության քննություն։ Մենք նման դեպք նախկինում չենք ունեցել»,-ասել է նա, գրում է Panorama.am-ը: Վարդևանյանը հիշեցրել է, որ 2021 թվականի հունիսին ՀՀ դատախազությունը միջնորդություն էր ներկայացրել ԱԺ պատգամավոր Իշխան Զաքարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, սակայն այն բանից հետո, երբ Սահմանադրական դատարանը հրապարակել էր իր որոշումը, ԿԸՀ-ն վերադարձրել էր միջնորդությունը։ Նրա խոսքով՝ նույն կերպ 2026 թվականի հունիսին վերադարձվել էր նաև Նարեկ Կարապետյանի վերաբերյալ ներկայացված միջնորդությունը։ «Ի՞նչ տեղի ունեցավ հաջորդիվ։ Դատախազությունը 2021 թվականին այլևս Իշխան Զաքարյանի վերաբերյալ միջնորդություն չէր ներկայացրել։ 2026 թվականւին իրավիճակն այլ է։ Նույն դատախազությունն է, բայց ԿԸՀ կողմից վերադարձնելու հաջորդող ժամանակահատվածում կրկին ներկայացնում է միջնորդությունը։ Շատ կարևոր հանգամանք եմ ուզում նշել, միջնորդությունը կրկին ներկայացվել է հուլիսի 13-ին։ Դրա բովանդակությունից ակնհայտ է, որ կարծես դատախազությունը ԿԸՀ-ի կարգավիճակը որոշակի իմաստով շփոթել է վարչական դատարանի կամ վերաքննիչ վարչական դատարանի հետ»,-մանրամասնել է Վարդևանյանը։ Նրա խոսքով՝ դատախազությունն ակնկալել է, որ ԿԸՀ-ն պետք է փոխի իր նախկին դիրքորոշումը։ «Ի դեպ, այդպես էլ եղավ, քանի որ ԿԸՀ-ն ոչ թե հենց այդ պահին, առանց բովանդակային քննության վերադարձրեց, այլ սկսեց քննություն իրականացնել։ Այս ամենն ի՞նչ է, հարգելի գործընկերներ։ Սա քաղաքական աբսուրդ է, քաղաքական հետապնդում է, սա քաղաքական թատրոն է՝ ուղղված բացառապես Նարեկ Կարապետյանի՝ ԱԺ-ում գործունեությանը միջամտելուն։ ԿԸՀ-ն, որ մոտ մեկ ամիս առաջ ուներ այլ դիրքորոշում, այսօր նույն հարցի վերաբերյալ ունի մեկ այլ դիրքորոշում, և դրան նախորդել էր Նարեկ Կարապետյանի քաղաքական գործունեության ակտիվացումը»,-ասել է Վարդևանյանը։ ԿԸՀ նախագահը տեղեկացրել էր, որ դատախազությունը կրկին դիմել է ԿԸՀ՝ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու նպատակով՝ արդեն հղում անելով Սահմանադրական դատարանի հիշյալ որոշմանը։ Նրա խոսքով՝ մինչև պատգամավորների ընտրված լինելու վերաբերյալ արձանագրության կազմումն ու խորհրդարանի կազմի հաստատումը հանձնաժողովը համապատասխան իրավական հիմք չի ունեցել տվյալ հարցը քննարկելու համար։ Նրա խոսքով՝ հենց այդ պահից՝ հուլիսի 21-ից մինչև օգոստոսի 2-ը՝ ժամը 10:00-ը, արձանագրությունում ընդգրկված անձինք համարվում են ընտրված, սակայն դեռևս լիազորությունները չստանձնած պատգամավորներ, և այդ ժամանակահատվածում նրանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հարցը գտնվում է ԿԸՀ-ի իրավասության ներքո։ Թե որ քրեական վարույթի շրջանակում է Դատախազությունը դիմել ԿԸՀ, չի հաղորդվում, քանի որ այդ տեղեկությունը համարվել է նախաքննական գաղտնիք։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |