ԱԹՍ-ները հարվածել են Wildberries-ի պահեստներին. Զելենսկին ասել է, որ պատերազմը վերադարձնում են ՌԴ![]() 22 հուլիսի 2026 - 17:03 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Wildberries-ի լոգիստիկ կենտրոններին Կրասնոդարում և Նևիննոմիսկում: Այդ մասին հայտնել է ընկերության ղեկավար Տատյանա Կիմը։ «Պրոֆիլային ծառայությունների հետ միասին աշխատում ենք հետևանքների վերացման ուղղությամբ»,- գրել է նա Telegram-ի իր ալիքում։ Կուբանի օպերատիվ շտաբի տվյալներով՝ Կրասնոդարում ԱԹՍ-ի բեկորների պահեստային համալիրի վրա ընկնելու հետևանքով հրդեհ է բռնկվել։ Տուժել է տասը մարդ։ Բացի այդ, դրոնների բեկորները վնասել են երկու բազմաբնակարան շենք և երկու առանձնատուն։ Զոհեր չկան, գրում է ՌԻԱ Նովոստին: Հուլիսի 17-ին անօդաչու թռչող սարքերը հարվածներ էին հասցրել Կոտովսկում և Էլեկտրոստալում գտնվող երկու խոշոր լոգիստիկ կենտրոններին։ Հարվածների հետևանքով զոհվել էր 8 աշխատակից, բռնկվել են հրդեհներ, իսկ Ռուսաստանի խոշորագույն առցանց խանութի աշխատանքը, որն օրական կարող է մշակել ավելի քան 20 միլիոն պատվեր, խափանվել է։ «Թեև վնասի իրական ծավալները դեռևս պարզված չեն, այն փաստը, որ հարվածներ են հասցվել սպառողական տնտեսության համար այսքան կարևոր ընկերությանը, վկայում է Կիևի ռազմավարության ընդլայնման մասին՝ օգտագործելով հեռահար դրոններ՝ Ռուսաստանի ռազմական ջանքերը թուլացնելու և Կրեմլի վրա խաղաղության հասնելու նպատակով ճնշում գործադրելու համար»,- ընդգծել է Reuters-ը։ Միաժամանակ Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ իրավիճակը բարդ է՝ հաշվի առնելով թե՛ ընկերության, թե՛ փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների կրած վնասները։ Նա նաև հերքել է Ուկրաինայի մեղադրանքները, թե Wildberries-ը զբաղվում է ռազմական նշանակության սարքավորումների մատակարարմամբ։ «Wildberries-ը սկզբում գործել է որպես եվրոպական կատալոգներից հագուստ վերավաճառող առցանց խանութ։ Հետագայում ընկերությունը ընդլայնել է իր տեսականին և վերածվել առևտրային հարթակի, որտեղ գործունեություն են ծավալում նաև երրորդ կողմի վաճառողներ։ Wildberries-ը չի մեկնաբանել պատճառված վնասների ծավալը»,- հավելել է Reuters-ը։ Գործակալության գնահատմամբ՝ եթե Wildberries-ի աշխատանքի խափանումները երկարատև լինեն, դրանց հետևանքները կզգան Ռուսաստանի բազմաթիվ բնակիչներ։ Ավելի քան մեկ միլիոն վաճառող ունեցող ընկերությունը համարվում է երկրի առցանց առևտրի զարգացման գլխավոր շարժիչ ուժերից մեկը։ Իր հերթին տեղական Telegram-ալիքների փոխանցմամբ՝ ականատեսները լսել են 20-30 պայթյուն, իսկ տագնապի ազդանշանը միացվել է միայն միջադեպից հետո՝ ընդամենը երկու րոպեով, որից հետո անջատվել է։ Հաղորդվում է նաև, որ մի շարք պայթյուններից հետո լոգիստիկ կենտրոնի աշխատակիցները տարհանվել են։ Ավելի ուշ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինական հեռահար հրթիռները հաջողությամբ խոցել են Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասերում գտնվող կարևոր օբյեկտներ՝ լոգիստիկ կենտրոններ, որոնք ներգրավված էին ՌԴ բանակին դրոնների բաղադրիչների, նավիգացիոն սարքավորումների և այլ հանդերձանքի մատակարարման գործում, ինչպես նաև հերթական նավթաբազան։ «Սև և Ազովի ծովերի ջրային տարածքներում խոցվել են ռուսական ստվերային նավատորմի մեկ տանկեր և չորս բեռնատար նավ։ Շնորհակալություն ենք հայտնում Ուկրաինայի պաշտպանության ուժերի բոլոր զինվորականներին այս արդյունքների համար։ Մենք լիովին արդարացիորեն պատերազմը վերադարձնում ենք Ռուսաստան։ Խաղաղություն է անհրաժեշտ, և Ուկրաինան ռուսական կողմին ներկայացրել է բոլոր առաջարկները։ Պետք է ստիպել անցնել դիվանագիտության։ Փառք Ուկրաինային»,- հավելել է Զելենսկին: Ավելի վաղ «ՈւՆԻԱՆ»-ը գրել էր, որ Ռուսաստանի Լիպեցկ քաղաքում պայթյուններից հետո խոշոր հրդեհ է բռնկվել տեղի ջերմաէլեկտրակայանի և «Նովոլիպեցկի մետալուրգիական կոմբինատի» տարածքում։ Այդ ձեռնարկությունը Ռուսաստանի պողպատի խոշորագույն արտադրողներից մեկն է։ Ռուսական քարոզչամիջոցները պնդում են, որ գործարանը արտադրում է քաղաքացիական նշանակության արտադրանք, սակայն պողպատը գնում են նաև այն ընկերությունները, որոնք մասնագիտացած են հրթիռների արտադրության մեջ։ Բացի այդ, ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը (ՍԲՈւ) հարված է հասցրել ԴԱԾ-ի համակարգող կենտրոնին, որտեղ, ըստ տեղեկությունների, կարող էր գտնվել մոտ 100 ռուս զինծառայող։ Նշվում է նաև, որ օբյեկտի տարածքում եղել է ավելի քան 70 ավտոմեքենա, գործել է զինված պահպանություն, առկա են եղել անցակետեր, ինժեներական արգելապատնեշներ և ստորգետնյա ապաստարաններ։ Photo. Reuters Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |