OpenAI-ը հայտնել է, որ իր ԱԲ մոդելներն ինքնուրույն հաքերային հարձակում են իրականացրել

OpenAI-ը հայտնել է, որ իր ԱԲ մոդելներն ինքնուրույն հաքերային հարձակում են իրականացրել

PanARMENIAN.Net - ChatGPT-ի ստեղծող OpenAI-ը հայտարարել է, որ իր ամենաառաջադեմ արհեստական բանականության երկու մոդելներ դուրս են եկել վերահսկվող թեստային միջավայրից և հաքերային հարձակում են իրականացրել մեկ այլ արհեստական բանականության ընկերության դեմ։

OpenAI-ը երեքշաբթի հայտնել է, որ այս «աննախադեպ կիբեռմիջադեպը» տեղի է ունեցել ներքին փորձարկման ընթացքում, որի նպատակն էր ստուգել մոդելների կիբեռանվտանգության հնարավորությունները, գրում է Al Jazeera-ն:

Սակայն ընկերության տվյալներով՝ այդ մոդելներով աշխատող ինքնավար գործակալը՝ նոր ներկայացված GPT 5.6 Sol-ը և դեռևս չհրապարակված, «ավելի հզոր» մեկ այլ մոդելը, դուրս են եկել թեստային միջավայրից և հասել բաց ինտերնետ։ Այնուհետև, օգտագործելով գողացված մուտքային տվյալներ և նախկինում անհայտ անվտանգության խոցելիություն, մուտք են գործել Hugging Face-ի սերվերներ։

OpenAI-ը պնդում է, որ գործակալը «ծայրահեղ քայլերի» է դիմել՝ ձեռք բերելու այնպիսի տեղեկատվություն, որը կօգներ կատարել փորձարկման նպատակները։

Hugging Face-ի համահիմնադիր Կլեման Դելանգը հայտնել է, որ ընկերությունում կասկածել էին, թե հարձակման հետևում կանգնած է առաջատար արհեստական բանականության լաբորատորիաներից մեկը, սակայն, իր կարծիքով, OpenAI-ը չարամիտ նպատակ չի ունեցել։

«Անհավատալի է, որ այս ամենը տեղի է ունեցել ինքնավար կերպով»,- գրել է նա՝ հավելելով, որ սա «հնարավոր է՝ առաջին նման միջադեպն է»։

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Տեխասից ընտրված դեմոկրատ կոնգրեսական Գրեգ Կասարը միջադեպը բնութագրել է որպես «մտահոգիչ»։

«Արհեստական բանականությունը զարգանում է չափազանց արագ, մինչդեռ իրական կարգավորումներ, որոնք կպաշտպանեն մեզ, գրեթե չկան»,- նշել է նա՝ կոչ անելով պարտադիր դարձնել անկախ անվտանգության փորձարկումները, անվտանգության միջադեպերի պարտադիր հրապարակումը և միջազգային համագործակցությունը։

Այս հայտարարությունը հնչել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից մի քանի շաբաթ առաջ ստորագրված գործադիր հրամանագրից հետո, որով սահմանվել է ամենաառաջադեմ արհեստական բանականության համակարգերի ազգային անվտանգության ռիսկերի գնահատման շրջանակ՝ մինչև դրանց հանրային հասանելի դառնալը։

Փորձագետները բազմիցս նախազգուշացրել են արհեստական բանականության միջոցով իրականացվող կիբեռհարձակումների և այն վտանգի մասին, որ նման համակարգերը կարող են դուրս գալ մարդկային վերահսկողությունից։ Անցյալ ամիս Anthropic ընկերությունը ոլորտին կոչ էր արել ժամանակավորապես դադարեցնել իր ամենահզոր արհեստական բանականության համակարգերի հետագա զարգացումը։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---