Մանկատան շրջանավարտների բնակարանային աջակցությունը կհասնի 8․7 մլն դրամի

Մանկատան շրջանավարտների բնակարանային աջակցությունը կհասնի 8․7 մլն դրամի

PanARMENIAN.Net - Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները: Կառավարության որոշմամբ մանկատան շրջանավարտներին և սաներին տրամադրվող բնակարանի գնման վկայագրի արժեքը 6․3 մլն դրամից հասցվելու է 8․7 մլն դրամի։ Միաժամանակ երկարաձգվելու է 21 շահառուի բնակարան ձեռք բերելու և ծրագրից օգտվելու համար սահմանված ժամկետը։

Հաշվի է առնվել, որ Հայաստանում բնակելի անշարժ գույքի գները ներկայում ավելի բարձր են նախորդ տարիների համեմատ, ինչպես նաև հիմք ընդունելով ՀՀ կադաստրի կոմիտեի՝ 2026 թվականի փետրվարին ՀՀ մարզերի քաղաքներում վաճառված բնակարանների գների վերլուծությունը:

Որոշման հիմնավորման համաձայն՝ ծրագրով մոտ 300 ՀՀ մանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագրեր տրամադրելու նպատակով պետական բյուջեից հատկացվել է 1․9 մլրդ դրամ։ Մինչ այժմ վկայագիր ստանալու իրավունք է ձեռք բերել 289 շահառու, որոնցից 8-ը նախարարություն չեն ներկայացել և համապատասխան պայմանագիրը չեն կնքել։

Միաժամանակ մոտ 10 մանկատան շրջանավարտներ և սաներ ստացել են բնակարանի գնման վկայագիր, սակայն մինչ օրս ավարտին չեն հասցրել անհրաժեշտ գործընթացները, այդ թվում՝ բնակարանի ընտրությունը և բանկային գործարքները։

Մանկատան որոշ շրջանավարտներ և սաներ ծրագրից օգտվելու համար դիմել են որոշմամբ նախատեսված ժամկետի ավարտից հետո, ինչի հետևանքով նրանց դիմումները մերժվել են։ Խոսքը երեք շահառուի մասին է։

Ընդունված որոշմամբ կարգավորվելու է ինչպես բնակարանի գնման վկայագիր ստացած, բայց անհրաժեշտ գործընթացները դեռևս չավարտած, այնպես էլ սահմանված ժամկետից հետո դիմած մանկատան շրջանավարտների և սաների՝ բնակարան ձեռք բերելու ժամկետի երկարացման հարցը։ Ընդհանուր առմամբ փոփոխությունը վերաբերելու է 21 շահառուի։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---