Օգոստոսի 12-ին 3 կարևոր աստղագիտական երևույթ տեղի կունենա՝ այդ թվում Արեգակի լրիվ խավարում![]() 27 հուլիսի 2026 - 10:40 AMT PanARMENIAN.Net - 2026 թվականի օգոստոսին կգրանցվի տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները․ մեկ ամսվա ընթացքում տեղի կունենան մի քանի նշանակալի աստղագիտական երևույթներ՝ Արեգակի լրիվ խավարում, Պերսեիդների աստղաթափի պիկ, և Լուսնի մասնակի խավարում։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը: «Ամենահետաքրքիրը օգոստոսի 12-ն է։ Այդ օրը գրեթե միաժամանակ տեղի կունենան երեք կարևոր իրադարձություններ՝ Արեգակի լրիվ խավարում, Նորալուսին և Պերսեիդների ակտիվության առավելագույն փուլը։ Նման համադրություն հաճախ չի հանդիպում, և հենց դա է 2026 թվականի օգոստոսը դարձնում առանձնահատուկ»,-գրել է նա: Օգոստոսի 12-ին Լուսինն անցնելու է Երկրի և Արեգակի միջև՝ որոշ տարածքներում ամբողջությամբ փակելով Արեգակի սկավառակը։ Խավարման առավելագույն փուլն արձանագրվելու է Երևանի ժամանակով 21:47-ին։ Լրիվ խավարման գոտին տարածվելու է Գրենլանդիայի, Իսլանդիայի, Իսպանիայի, Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային հատվածի և Ռուսաստանի հյուսիսային մի շարք շրջանների վրայով։ Եվրոպական մի շարք երկրներից երևույթը հնարավոր է լինելու դիտել մասնակի խավարման տեսքով։ Խավարման ժամանակ Լուսինը Երկրից գտնվելու է մոտ 359 445 կմ հեռավորության վրա՝ 373320 կմ միջին հեռավորության համեմատ։ Դրա հետևանքով այն երկնքում սովորականից փոքր-ինչ ավելի մեծ է երևալու և ամբողջությամբ փակելու է Արեգակը։ Լրիվ խավարման գոտու լայնությունը կազմելու է մոտ 294 կմ, իսկ ամբողջական խավարման առավելագույն տևողությունը հասնելու է շուրջ 2 րոպե 18 վայրկյանի։ Հայաստանը չի ընդգրկվելու ո՛չ լրիվ, ո՛չ էլ մասնակի խավարման գոտում, հետևաբար այս աստղագիտական երևույթը մեր երկրից դիտելու հնարավորություն չի լինելու։ Նույն գիշեր ակտիվանալու են նաև Պերսեիդները՝ տարվա ամենահայտնի և տպավորիչ աստղաթափերից մեկը։ Պերսեիդներն առաջանում են այն ժամանակ, երբ Երկիրն անցնում է Սվիֆթ–Թաթլ գիսաստղի թողած մանր մասնիկների հոսքով։ Մթնոլորտ ներթափանցելիս այդ մասնիկներն այրվում են՝ երկնքում առաջացնելով վառ հետքեր։ Հայաստանում դիտարկումների համար առավել հարմար ժամանակահատվածը լինելու է 23:00-ից մինչև լուսաբաց, հատկապես՝ 02:00–05:00-ն։ Իդեալական պայմանների առկայության դեպքում հնարավոր է լինելու մեկ ժամում նկատել մինչև 100 երկնաքար։ Բացի այդ, աստղաթափի գագաթնակետի գիշերը երկնքում հնարավոր է լինելու տեսնել վեց մոլորակից կազմված շքերթ՝ Նեպտուն, Սատուրն, Ուրան, Մարս, Մերկուրի և Յուպիտեր։ Դիտվող երկնաքարերի իրական քանակը կախված է լինելու դիտարկման վայրից, երկնքի պարզությունից և լուսային աղտոտվածության մակարդակից։ 2026 թվականին դիտարկման պայմանները հատկապես նպաստավոր են լինելու, քանի որ Պերսեիդների առավելագույն ակտիվությունը համընկնելու է Նորալուսնի հետ։ Լուսնի լույսը չի խոչընդոտելու դիտումներին, ինչի շնորհիվ թույլ երկնաքարերը ևս ավելի լավ են երևալու։ Դիտարկումների համար նախընտրելի է լինելու ընտրել քաղաքային լուսավորությունից հեռու և բաց հորիզոն ունեցող տարածք։ Օգոստոսի վերջին Լուսինը հասնելու է լիալուսնի փուլին։ Այս անգամ լիալուսինն առավել ուշագրավ է լինելու, քանի որ ուղեկցվելու է Լուսնի մասնակի խավարումով։ Խավարման առավելագույն փուլն արձանագրվելու է 04:12 UTC-ին կամ Երևանի ժամանակով՝ 08:12-ին։ Երևույթը տեսանելի է լինելու աշխարհի բազմաթիվ հատվածներից, սակայն Հայաստանի պարագայում անհրաժեշտ է լինելու հաշվի առնել ոչ միայն խավարման ընդհանուր տեսանելիության գոտին, այլև Լուսնի մայր մտնելու ժամանակը։ Խավարման առանձին փուլեր կարող են համընկնել արևածագի և Լուսնի մայր մտնելու ժամանակահատվածի հետ, ինչի պատճառով լավագույն տեսանելիության հնարավորությունը կարող է սահմանափակ լինել։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |