Սահակյան․ Հայ գերիների հարցով նոր դիմումներ են պատրաստվում![]() 27 հուլիսի 2026 - 14:22 AMT PanARMENIAN.Net - Բաքվում պահվող հայ գերիների առողջական վիճակի մասին օբյեկտիվ տեղեկություններ ստանալու հնարավորություններ այս պահին չկան։ Այդ մասին հայտնել է ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը՝ անդրադառնալով տեղեկություններին, ըստ որոնց՝ գերիների շրջանում լուրջ վնասվածքներ, այդ թվում՝ կոտրվածքներ ունեցողներ կան, և չի բացառվել, որ դրանք բռնության հետևանք են, հայտնում է Sputnik Արմենիան: Սահակյանը հայտնել է, որ այս հարցով դիմումներ են նախապատրաստում, սակայն նպատակահարմար չի համարել հրապարակել, թե երբ և որ կառույցներին են դիմելու։ Գլխավոր խնդիրներից մեկը շարունակում է մնալ Բաքվում պահվող հայ գերիների առողջական վիճակի և պահման պայմանների մասին օբյեկտիվ տեղեկությունների բացակայությունը։ Մինչև 2025 թվականի սեպտեմբերը տվյալներ են ստացվել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով, սակայն Ադրբեջանի կողմից ԿԽՄԿ-ի գործունեության դադարեցումից հետո այդ հնարավորությունն այլևս չի եղել։ «Մենք խոսում ենք նրանց բացարձակ մեկուսացվածության մասին արտաքին աշխարհից, երբ չկա ֆիզիկական կապ միջազգային անկախ դիտորդական առաքելությունների, անկախ փաստաբանների, անկախ բժիշկների, հյուպատոսական ծառայողների հետ։ Այս վիճակում նրանց պայմանները բացառապես կարող են դիտարկվել, նրանց վերաբերյալ տեղեկություններ կարող են հավաքագրվել ադրբեջանական աղբյուրներից, որոնք արժանահավատ չեն և ամենակարևորը՝ ստուգելի չեն։ Այսինքն՝ ինչպիսի պատկեր էլ նկարագրվի, այն ստուգելի չէ անկախ, օբյեկտիվ, ոչ կողմնակալ սուբյեկտների կողմից, քանի որ հասանելիությունը հայ պատանդներին սահմանափակված է»,- նշել է Սահակյանը։ Տեղեկություններ ստանալու միակ ճանապարհն այս պահին մնացել են հարազատների հետ զրույցները, որոնք ևս վերահսկվում են ադրբեջանական կողմից։ Հեռախոսազանգերի պարբերականությունը նույնպես հաստատուն չէ։ Սահակյանի խոսքով՝ այս հարցում նկատվում է որոշակի խտրական մոտեցում․ գերիներից մեկին, օրինակ, կարող են թույլատրել շաբաթական մեկ անգամ զանգահարել հարազատներին, իսկ մեկ ուրիշին՝ չորս կամ վեց շաբաթը մեկ։ «Ընդ որում սա փոփոխական է եղել գերեվարման ժամանակահատվածում, օրինակ եղել են դեպքեր, որ սկզբնական շրջանում շաբաթներ և ամիսներ ընտանիքները չեն կարողացել խոսել հարազատի հետ, կամ համընկել է այնտեղ ընթացող տարբեր իրադարձությունների, տոների հետ, ու կրկին զանգերի պարբերականությունը չի պահպանվել»,- նշել է Սահակյանը։ Ադրբեջանը մինչև օգոստոսի 31-ը պարտավոր է ՄԻԵԴ-ին հաշվետվություն ներկայացնել հայ գերիների պահման պայմանների և առողջական վիճակի մասին՝ ներառելով բժշկական փաստաթղթեր։ Իրավապաշտպանի գնահատմամբ՝ երաշխիք չկա, որ Ադրբեջանը կներկայացնի ճշգրիտ և չկեղծված տվյալներ։ Ստացված տեղեկությունները պետք է համադրվեն իրավապաշտպանների հավաքած տվյալների և հարազատներից ստացված տեղեկությունների հետ։ «Դա պետության կողմից ֆորմալ պարտավորության կատարումն է, սակայն որքանով է բարեխիղճ ու ամբողջական, դա արդեն հետագայում քննարկման առարկա է դառնում։ Եթե մենք տեսնում ենք թերի տեղեկատվություն կամ տվյալներ, որոնք չեն համապատասխանում իրականությանը, դրա մասին տեղեկացնում ենք դատարանին, և գործի քննության շրջանակում դատարանը համապատասխան հետևություններ կանի»,- ասել է Սահակյանը։ Անդրադառնալով Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեության հնարավոր վերականգնմանը՝ Սահակյանը դրա հավանականությունը փոքր է գնահատել։ Նրա կարծիքով՝ առավել հավանական կարող է լինել պայմանավորվածությունների արդյունքում մեկանգամյա այցելությունների թույլտվության ստացումը, սակայն այդ ուղղությամբ ևս շոշափելի արդյունք չի արձանագրվել։ Իրավապաշտպանի խոսքով՝ եթե անգամ նման այցելություններ հնարավոր չլինեն, միջազգային հանրությունը պետք է այլընտրանքային տարբերակներ փնտրի։ Դրանց թվում կարող են լինել անկախ բժշկական խմբի այցի կազմակերպումը կամ երրորդ երկրի շուրջ համաձայնության ձեռքբերումը, որը Հայաստանի անունից կարող է հյուպատոսական այցելություններ իրականացնել։ Նա նշել է, որ կան չեզոք երկրներ, օրինակ՝ Շվեյցարիան, որը պատրաստակամ է ստանձնել նման մարդասիրական առաքելություն և Հայաստանի անունից այցելություններ կազմակերպել։ Սակայն դրա իրականացումը հնարավոր չի լինի, քանի դեռ երկու պետությունների միջև համապատասխան համաձայնություն ձեռք չի բերվել։ Իսկ թե Հայաստանն այս գործընթացում որքանով է նախաձեռնողական եղել, իրավապաշտպանը դժվարացել է գնահատել։ Սահակյանը շեշտել է, որ բոլոր հնարավոր մեխանիզմների գործարկման դեպքում ևս անհրաժեշտ է Ադրբեջանի իշխանությունների համաձայնությունը։ «Եթե այդ համաձայնությունները չտրվեն, հետագայում շատ ավելի բարդ է լինելու վերջիններիս հերքել խոշտանգումների վերաբերյալ պնդումները»,- հավելել է իրավապաշտպանը։ Հայ գերիների հարազատների՝ Բաքու մեկնելու և նրանց հետ տեսակցելու դիմումներից նույնպես դեռ շոշափելի արդյունք չի գրանցվել։ Խնդրանքն ուղղվել է Ադրբեջանի իշխանություններին, Հայաստանի Հանրապետությանը, ինչպես նաև օտարերկրյա կառույցներին և պետություններին, որոնք կարող են աջակցել մարդասիրական այդ առաքելությանը։ Այս պահին պաշտոնական պատասխանների վերաբերյալ տեղեկություններ չեն հրապարակվել։ Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում պահվում է 19 հայ գերի։ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների գործով «դատավարությունը», որը Բաքվում մեկնարկել էր 2025 թվականի հունվարին, ավարտվել է այս տարվա փետրվարի 5-ին, որից հետո հրապարակվել են դատավճիռները։ Ցմահ ազատազրկման են դատապարտվել Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման։ Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանն ու Մելքիսեթ Փաշայանը դատապարտվել են 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանն ու Լևոն Բալայանը՝ 16, իսկ Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը և Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվել է առանձնացված վարույթով։ Փետրվարի 17-ին հայտնի է դարձել, որ Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման։ Ապրիլի 28-ին հայտնի է դարձել նաև, որ նրան մյուս հայ գերիների հետ տեղափոխել են Բաքվի Ղարադաղի շրջանի Ումբակի բանտային համալիր։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |