Ծառուկյանի թիմակիցներն ու աջակիցները նամակ են փոխանցել Իրանի դեսպանին

Ծառուկյանի թիմակիցներն ու աջակիցները նամակ են փոխանցել Իրանի դեսպանին

PanARMENIAN.Net - ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի թիմակիցներն ու աջակիցները Հայաստանում Իրանի դեսպանին նամակ են հանձնել՝ անդրադառնալով Ծառուկյանի շուրջ ընթացող գործընթացներին։

Նամակի հանձնումից հետո ԲՀԿ անդամ Արման Աբովյանը հայտնել է, որ դեսպանատան բարձրաստիճան պաշտոնյան հավաստիացրել է՝ հետևում են Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող գործընթացներին, գրում է Aysor.am-ը:

«Ստացանք հավաստիացումներ, որ այս գործը լինելու է Իրանի Իսլամական Հանրապետության ուշադրության ներքո և այս հարցում հետևողական են լինելու»,- փոխանցել է Աբովյանը:

Նամակը փոխանցելուց առաջ ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը հայտնել է, որ Գագիկ Ծառուկյանի ձերբակալության առնչությամբ մի շարք նամակներ են ուղարկվել տարբեր դեսպանատներ, իսկ այս անգամ որոշել են ԲՀԿ-ի նամակն անձամբ հանձնել Իրանի դեսպանին։

«Մեզ համար անընդունելի է, որ ԻԻՀ երկու քաղաքացիների, խարդախների, 2 խաբեբաների պատճառով վտանգված են հայ-իրանական դարավոր բարեկամական հարաբերությունները։ Գագիկ Ծառուկյանը մշտապես հանդես է եկել հայ-իրանական տնտեսական, մշակութային, առևտրային, քաղաքական կապերի ամրապնդման դիրքերից և արել է առավելագույնը երկու երկրների միջև այդ կապերը զարգացնելու և ամրապնդելու ուղղությամբ։ Սա կեղծ, անհիմն մեղադրանք է, որի հիման վրա կալանավորվել է Գագիկ Ծառուկյանը, սա նաև որոշակի շարժառիթներ ունի և որոշակի անձինք ու երևույթներ են կանգնած սրա հետևում, որոնք հստակ նպատակ ունեն՝ վատթարացնելու հայ-իրանական հարաբերությունները: Պարո՛ն դեսպան, Ծառուկյանի նկատմամբ իրավական բեսպրեդել է»,- հայտարարել է ԲՀԿ առաջնորդի մամուլի խոսնակը:

Նամակը հանձնելուց հետո ԲՀԿ աջակիցները Երևանում Իրանի դեսպանատան մոտ Գագիկ Ծառուկյանին աջակցող ակցիա են անցկացրել։

Հուլիսի 6-ի վաղ առավոտից ԱԱԾ, ՊԵԿ, ՆԳՆ ոստիկանության աշխատակիցները 70-ից ավելի հասցեներում՝ Ծառուկյանի առանձնատանը և նրան պատկանող ընկերություններում, իրականացվել են միաժամանակյա խուզարկություններ: Ծառուկյանը ձերբակալվել է: Հուլիսի 7-ի վաղ առավոտից Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթացել է Ծառուկյանի խափանման միջոցի քննությունը: Օրվա ավարտին հայտնի է դարձել, որ նա 2 ամսով կալանավորվել է:

 Ուշագրավ
---