Փաշինյանը Պուտինին խնդրել է միջոցներ ձեռնարկել ՀՀ-ից ապրանքների ներմուծման հարցը կարգավորելու ուղղությամբ

Փաշինյանը Պուտինին խնդրել է միջոցներ ձեռնարկել ՀՀ-ից ապրանքների ներմուծման հարցը կարգավորելու ուղղությամբ

PanARMENIAN.Net - Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ` քննարկել են Հայաստան–Ռուսաստան հարաբերությունների օրակարգի, մասնավորապես, երկկողմ տնտեսական հարաբերություններում առաջացած խնդիրների վերաբերյալ։

Փաշինյանն ընդգծել է, որ հայաստանյան ծագման ապրանքների՝ ՌԴ շուկա արտահանման սահմանափակումները հակասում են Հայաստան–Ռուսաստան իրավապայմանագրային շրջանակին ու Եվրասիական տնտեսական միության կարգավորումներին, և խնդրել է միջոցներ ձեռնարկել՝ այս խնդիրները կարգավորելու ուղղությամբ։

Ինչ վերաբերում է Հայաստանի՝ Եվրոպական միությանն անդամագրվելու հարցով ՀՀ–ում հանրաքվե անցկացնելուն, ինչի մասին ասվում է ԵԱՏՄ անդամ չորս երկրների ղեկավարների մայիսի 29–ին ընդունված համատեղ հայտարարության մեջ, վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ հանրաքվեի անցկացումը գործնականում հնարավոր է միայն ԵՄ–ին անդամագրման համար Հայաստանի կողմից Եվրոպական միությանը պաշտոնական դիմում հղելուց եւ թեման առարկայական դարձնելուց հետո։

Միևնույն ժամանակ, վարչապետ Փաշինյանն ընդգծել է բաց, գործընկերային և բարեկամական երկխոսության միջոցով նշված հարցերը լուծելու ՀՀ Կառավարության պատրաստակամությունը։

Հեռախոսազրույցի վերաբերյալ Կրեմլի հաղորդագրության մեջ ասվում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ:

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ Պուտինն ընդգծել է Հայաստանում Եվրասիական տնտեսական միության վերաբերյալ հանրաքվեն հնարավորինս շուտ անցկացնելու անհրաժեշտությունը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Հեռախոսազրույցի ընթացքում ընդգծվել է Հայաստանում (ԵԱՏՄ-ի վերաբերյալ) հանրաքվեն հնարավորինս շուտ անցկացնելու անհրաժեշտությունը», - լրագրողներին ասել է Պեսկովը։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի շնորհավորել վարչապետ Նիկոլ Փաշինյանին հունիսի 7-ի ընտրություններում նրա գլխավորած ուժի հաղթանակի կապակցությամբ:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---