ՆԳՆ-ն ներկայացրել է պահանջված համարանիշների նոր չափորոշիչները, գինը՝ մինչև 8 մլն դրամ

ՆԳՆ-ն ներկայացրել է պահանջված համարանիշների նոր չափորոշիչները, գինը՝ մինչև 8 մլն դրամ

PanARMENIAN.Net - ՆԳՆ իրավաբանական վարչության պետ Ռուսլան Մարանդյանը ասուլիսում ներկայացրել է տրանսպորտային միջոցների մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշների նոր չափորոշիչները։

Նրա խոսքով՝ սահմանվել են նոր համադրություններ, որոնց դեպքում համարանիշի մի հատվածում՝ անկախ նրանից, այն երկու թե երեք նիշից է կազմված, մշտապես զրոներ են լինելու։ Ֆիզիկական անձանց համար նախատեսվել է երկու զրո, իսկ իրավաբանական անձանց դեպքում՝ երեք զրո։ Լատինատառ նշանները կարող են լինել ինչպես նույնական, այնպես էլ տարբեր, իսկ թվային հատվածում կամ նույն թիվն է երեք անգամ կրկնվելու, օրինակ՝ «111», կամ երեք թվերից երկուսն են նույնը լինելու, օրինակ՝ «121», հայտնում է 1lurer.am-ը:

«Եթե ամփոփենք այս համադրությունը, ապա միշտ մի կողմում զրոներ են: Լատինական տառերը կարող են լինել նույնը, կրկնվող կամ տարբերվող, մյուս կողմում 3 թվերի պարագայում կա՛մ նույն թիվը 3 անգամ կրկնվում է, կա՛մ թիվը կրկնվում է 2 անգամ՝ 1 տարբերվող թվի համադրությամբ»,- ասել է նա։

Անդրադառնալով հաշվառման համարանիշների արժեքին՝ Մարանդյանը նշել է, որ նոր չափորոշիչների գնային միջակայքը սահմանվել է 250 հազարից մինչև 8 մլն դրամ։ Նա հիշեցրել է, որ մեծ պահանջարկ ունեցող համարանիշների նվազագույն արժեքը շարունակում է մնալ 60 հազար դրամ, իսկ առավելագույնը՝ 8 մլն դրամ։

«Սա նշանակում է, որ ՆԳ նախարարի հրամանի առումով բոլոր գնային սեգմենտներում չափորոշիչներ չենք ավելացրել: Մենք ավելացրել ենք այս սեգմենտներում՝ Կառավարության որոշմամբ, հետո տեղայնացրել նախարարի հրամանով, որոնք տեղավորվում են 250 հազարից 8 միլիոնի միջակայքում»,-ասել է նա:

Նա պարզաբանել է, որ, օրինակ, ֆիզիկական անձանց համար 250 հազար դրամ արժողությամբ սեգմենտում ավելացվել է «00 +- XXY» համադրությունը, որտեղ «0»-ը թիվն է, «+-»-ը՝ տարբեր լատինական տառերը, իսկ «XXY»-ը՝ կրկնվող և տարբեր թվերի համակցությունը։ Որպես օրինակ նա նշել է «00 AB 771» համարանիշը։ Իսկ 600 հազար դրամ արժողությամբ տարբերակում կիրառվում է «XX +- 000» համադրությունը։

ՆԳՆ իրավաբանական վարչության պետի խոսքով՝ փոփոխությունները վերաբերում են միայն այն հաշվառման համարանիշներին, որոնք բաղկացած են յոթ նիշից, հետևաբար մոտոցիկլետների համար նախատեսված համարանիշների վրա դրանք չեն տարածվում։

«Սա այն տրանսպորտային միջոցների համար է, որոնց համարանիշների համար նախատեսված է 7 նիշ՝ 5 թիվ, 2 տառ»,- ասել է նա։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---