Ադրբեջանում Toplum TV-ի լրագրողները դատապարտվել են մինչև 15 տարվա ազատազրկման![]() 28 հուլիսի 2026 - 15:44 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի դատարանը դատավճիռ է կայացրել անկախ Toplum TV լրատվամիջոցի ինը լրագրողների և աշխատակիցների գործով։ Լրատվամիջոցի երկու համահիմնադիրները դատապարտվել են 15 տարվա ազատազրկման։ Այս լրատվամիջոցը հայտնի է եղել, մասնավորապես, երկրում կոռուպցիայի վերաբերյալ իր հետաքննություններով։ Նրանց մեղադրել են ֆինանսական բնույթի հանցագործությունների մեջ, թեև նման պատժաչափեր Ադրբեջանում սովորաբար կիրառվում են պետական դավաճանության համար մեղավոր ճանաչված անձանց նկատմամբ, գրում է BBC-ն: Toplum TV-ի համահիմնադիրներ Աքիֆ Գուրբանովը և Ռուսլան Իզզեթլին դատապարտվել են 15 տարվա ազատազրկման։ Տեսանյութերի խմբագիր Մուշֆիգ Ջաբբարովը, ինչպես նաև նախագծերի համակարգողներ Իլքին Ամրահովը և Ռամիլ Բաբաևը ստացել են 13-ական տարվա ազատազրկում։ Լրագրողների վերապատրաստմամբ զբաղվող Ալի Զեյնալովը և Toplum TV-ի հիմնադիր Ալեսքեր Մամեդլին դատապարտվել են 14 տարվա, իսկ լրագրող Ֆարիդ Իսմայիլովը և սոցիալական ցանցերի պատասխանատու Էլմիր Աբբասովը՝ 12 տարվա ազատազրկման։ Նշվում է, որ Մամեդլին, որը երկրում հայտնի մեդիա իրավաբան է, ներկայում ծանր հիվանդ է։ Toplum TV-ն հայտնի է Ադրբեջանի նախարարություններում, պաշտոնյաների և նրանց ընտանիքների գործունեության վերաբերյալ կոռուպցիոն հետաքննություններով։ Լրատվամիջոցը նաև լուսաբանել է երկրի տնտեսության իրական վիճակը, գրաքննության խնդիրներն ու սոցիալական թեմաները։ Լրատվամիջոցը շարունակում է գործել՝ պահպանելով իր կայքն ու YouTube-ի ալիքը, որն ունի մոտ 100 հազար բաժանորդ։ Սակայն այժմ այն աշխատում է արդեն նոր խմբագրակազմով։ 2024 թվականի մարտին Ադրբեջանի ոստիկանությունը խուզարկել և կնքել էր լրատվամիջոցի գրասենյակը, իսկ խմբագրության գրեթե ամբողջ կազմը ձերբակալվել էր։ Երկու տարի առաջ ընդունված «ԶԼՄ-ների մասին» օրենքը, որն ամբողջությամբ արգելում է Ադրբեջանում մամուլի օտարերկրյա ֆինանսավորումը, իրավապահներին հնարավորություն է տվել լրատվամիջոցի աշխատակիցներին, ինչպես նաև այլ լրատվամիջոցների ներկայացուցիչներին, մեղադրել դրամական միջոցների մաքսանենգության մեջ։ Հետագայում մեղադրանքներին ավելացվել են նաև ապօրինի ձեռնարկատիրության, փողերի լվացման, հարկերից խուսափելու և փաստաթղթեր կեղծելու հոդվածներ։ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ընդունած բանաձևում Toplum TV-ի լրագրողների նկատմամբ հետապնդումները բնութագրվել են որպես Ադրբեջանում «քննադատական ձայների լռեցում»։ Լրագրողների պաշտպանությամբ հանդես են եկել նաև իրավապաշտպան կազմակերպություններ, այդ թվում՝ «Լրագրողներ առանց սահմանների»-ն, որոնք հայտարարել են, որ նրանք դարձել են «Ադրբեջանում պետության կողմից անկախ լրատվամիջոցների հետապնդման զոհերը»։ Toplum TV-ի լրագրողների նկատմամբ կայացված դատավճիռը Ադրբեջանում լրատվամիջոցների ներկայացուցիչների քրեական հետապնդման առաջին դեպքը չէ։ 2025 թվականի հունիսին դատարանը 7 լրագրողի դատապարտել էր 7․5-ից 9 տարվա ազատազրկման։ Նրանցից վեցը կապված էին Abzas Media-ի հետ, որը հրապարակում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բիզնես գործունեությանը վերաբերող հետաքննություններ։ Յոթերորդ լրագրողն աշխատում էր «Ազատություն ռադիոկայանում»։ Լրագրողների զանգվածային ձերբակալություններն Ադրբեջանում սկսվել են 2023 թվականի վերջին և շարունակվել 2024 թվականին։ Ամբողջ խմբագրություններ են հայտնվել բանտերում, իսկ այն լրագրողները, որոնք հասցրել են, լքել են երկիրը։ 2025 թվականի սկզբին Ադրբեջանը պահանջել է երկրից դուրս բերել ՄԱԿ-ի հիմնական կառույցները, Կարմիր խաչի գրասենյակը և մի շարք օտարերկրյա լրատվամիջոցների բյուրոները, այդ թվում՝ BBC-ի ադրբեջանական ծառայությունը։ Բացի այդ, Բաքուն դադարեցրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների կատարումը, ինչի մասին հայտարարել են ինչպես Եվրոպայի խորհուրդը, այնպես էլ անձամբ Իլհամ Ալիևը։ Վերջինս նաև չի բացառել, որ հաջորդ քայլը կարող է լինել Ադրբեջանի ամբողջական դուրս գալը Եվրոպայի խորհրդից։ 2024 թվականին Իլհամ Ալիևը լրատվամիջոցների դեմ հարուցված գործերը մեկնաբանել էր հետևյալ կերպ. «Մենք դա այստեղ ամբողջությամբ կարգավորել ենք։ Օրինակ՝ ադրբեջանական մեդիան նույնիսկ մեկ տոկոսով չի կարող ֆինանսավորվել արտասահմանյան աղբյուրից»։ Նա նաև հայտարարել էր. «Մենք չէ՞ որ ԱՄՆ-ում մեդիա չենք ֆինանսավորում, ճիշտ է։ Այդ դեպքում ինչո՞ւ նրանք պետք է ֆինանսավորեն մեր մեդիան։ Այդպես էլ իրենց ենթակա ռեսուրսների միջոցով, ինչպիսիք են «Ամերիկայի ձայնը» և «Ազատություն ռադիոն», գիշեր-ցերեկ կեղտ են լցնում մեր ժողովրդի և մեր երկրի վրա»։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |